

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անհարգալից վերաբերմունք դրսեւորեց թե առանձին պետության, թե այդ պետության ղեկավարի նկատմամբ, այսօր Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պահանջելով խորհրդարանում լուրջ քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը: Պատգամավորին հատկապես անհանգստացնում է նույն միությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը` ինչի մասին տարբեր ժամանակներում հայտարարել է Նազարբաեւը:
Բացի այդ՝ գոյություն ունի բացառումների ցուցակի խնդիրը։ «Մեր արտաքին քաղաքական դեգերումները, որ 3-4 տարի դեգերեցինք` անկախ մեզանից հայտնվեցինք այնտեղ, որտեղ մեզ տարան մտցրեցին: Մի կողմ թողնենք, թե որ կառույցն է ավելի ճիշտը, բայց մեզ ասում են՝ ինչ պետք է անենք եւ մենք առանց նախաձեռնության ենք հանդես գալիս: Ես այսօր գիտեմ, որ օրինակ` Ղազախստանը 800 բացառություններ է ներկայացրել, Ղրղզստանը, Բելառուսը 200-400 բացառություններ եւ նաեւ գիտեմ, որ դրանք տնտեսական եւ քաղաքական որոշակի համակարգ են իրենցից ներկայացնում: Ես չգիտեմ, Հայաստանը ներկայացրե՞լ է, կամ Հայաստանին թույլ տալի՞ս են ինչ- որ բան ներկայացնել, թե՞ ոչ: Կարծում եմ դուք էլ չգիտեք»,- ասում է։
Վերջին խնդիրը պարզաբանեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Ես կարծում եմ, դուք էլ, մեր հանրության մեջ շատ մարդիկ էլ տեղյակ են այն մասին, որ Հայաստանը բանակցում է բառացումների վերաբերյալ եւ ունի մոտավորապես 900-1000 բացառումների ցուցակ»։
Աստանայի գագաթաժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպում դրական տարրեր է փորձել գտնել Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Ակնհայտ է, ՄՄ անդամագրվելը Հայաստանին պետք է, առանց չափազանցության ասեմ, ճիշտ այնքան, որքան ՄՄ-ին պետք է Հայաստանի անդամագրումը: Որովհետեւ հարավային ուղղությամբ ՄՄ առանցքային դերակատար Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունները, հետեւաբար եւ անվտանգության ապահովումը հնարավոր է բացառապես Հայաստանի ՄՄ-ին անդամակցմամբ: Եվ սա երկուստեք շահավետ, այդ թվում նաեւ անվտանգությանը նպաստող կարեւոր գործոն է եւ պատահաբար չէ, որ Ալիեւը նամակ է գրում, որովհետեւ մտահոգված է. դրանով իսկ Հայաստանի, այդ թվում նաեւ Արցախի անվտանգությունը էապես բարձրանում է»։
Օգտագործելով պատգամավորի` ԱԺ ամբիոնից հայտարարություն անելու իրավունքից, պատգամավոր Արամ Մանուկյանը Գլխավոր դատախազությանը տեղեկացրեց նոր կոռուպցիոն գործարքի մասին: Խոսքը` Որոտանի հիդրոկասկադի վաճառքի մասին է, որը տրվել է ամերիկյան մի ընկերության` իրական արժեքից 10 անգամ պակաս գումարով` 180 միլիոն դոլարով, ասաց Արամ Մանուկյանը։
Ի դեպ՝ այսօր ԱԺ ամբիոնից նաեւ կոչ հնչեց կառավարությանը գտնել Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի իրական սեփականատիրոջը: Այն անհայտ է, իսկ գործարանի շուրջ 100 աշխատակից այսօր դուրս էին եկել ցույցի` պահանջելով աշխատավարձերի պարտքը։