Մշակույթ

Ազգային նվագարանները մոռացության են մատնված.երաժիշտ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մեր ազգային նվագարաններն այսօր մոռացության են մատնված, որովհետև այս գործիքներով գումար վաստակելն այսօր Հայաստանում խնդիր է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը: Համեմատելով հարևան երկրների հետ` Հովիկ Սահակյանը նշել է, որ մեր հարևաններն այս հարցին աչալրջորեն են մոտենում: Նրանք իրենց ազգային նվագարնները պահպանում են դարեդար և մատաղ սերնդին մատուցում յուրովի: Հայ ավանդական երաժշտության անսամբլը վերստեղծել է է նոր նվագարաններ, որոնք առաջին անգամ են հնչում մեր իրականության մեջ: Դրանցից է հայկական տավիղը, որի նմանօրինակը գտել են մանրանկարներից և նվագարանագործ Մարտին Երիցյանի հետ կյանքի կոչել գործիքը:

Մեր ազգային նվագարանների պահպանման հարցը վտանգված է, սակայն եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այսօր իրավիճակը մի փոքր հուսադրող է, նշեց Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը: Իրավիճակը մի փոքր դրական երանգ ստացավ, երբ մշակույթի նախարարության հովանավորությամբ 2008 թվականից երաժշտական դպրոցները դարձան անվճար: Արդյունքում երեխաների ընդունելությունը զգալի է, սակայն դա չի գոհացնում Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավարին:
«Ես կուզենայի, որ մեր ազգային նվագարաններն ու երաժշտությունն ավելի սրտամոտ լինի մեր մատաղ սերնդին: Դա իհարկե գալիս է ամեն մեկի անձնական ընտանեկան դաստիարակությունից»:

Այսօր երաժիշտ դառնալն էլ ունի իր դժվարությունները: Հայաստանում երաժշտությամբ քչերն են կարողանում ընտանիք պահել և դա է պատճառներից մեկը, որ երաժշտական կրթություն ստանալը հետաքրքրում է ստվար զանգվածին: Սակայն հայտնի խոսք կա. տաշած քարը գետնին չի մնա: Մենք ունենք լավ երաժշիտներ, ովքեր իրենց գործունեուությունը ծավալում են օտարերկրյա ունկնդիրների համար` պահպանելով ազգային մշակույթը: Մեզ մոտ ժողնվագարաններով հիմնականում հետաքրքրվում են սոցիալապես անապահով ընտանիքի երախաները, նշեց Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավարը:
«Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում` համոզելով, ցույց տալով: Պետք է այնպես անել, որ սիրեն գործիքը, ու սիրեցին, կգան անպայման, իսկ երբ որ կապվեցին նվագարանին, այլևս դժվար է նրանց բաժանելը»:

Այսօր Հայաստանում առաջընթաց են ապրում դուդուկն ու քանոնը, սակայն սրան հակառակ` մոռացված են մյուս նվագարանները
Որպեսզի մեր նվագարանները հետաքրքրեն հասարակության բոլոր շերտերին, անհրաժեշտ է ստեղծել պետական շատ համույթներ, կարծում է երաժիշտը և առաջարկում մեր նվագարանների պահպանման համար ստեղծել մի կառույց, որտեղ կարող են ապրել երաժշտությամբ հետաքրքրվող 15-ից 20 երեխա, որոնց առօրյան կկազմակերպվի երաժշտական մթնոլորտում: Մեզ մոտ շատ են երաժիշտները, սակայն քիչ են գործիքները: Այսօր խնդիր են նաև նվագարանագործ վարպետները, ասում է Հովիկ Սահակյանը և շեշտում, որ նոր կառույցում պետք է կազմակերպվեն նվագարանագործության դասընթացներ: Որոշումը կյանքի կոչելու համար չեն դիմի Մշակույթի նախարարությանը. կարծում են այդքան միջոցներ կառույցը չի կարող հատկացնել, միակ հույսը բարերարներն են:

Back to top button