Տնտեսական

Փոքր ու միջին բիզնեսը՝ հարկային ծանր բեռի տակ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, նրա հրապարակային առաջին հայտարարությունը փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն էր ուղղված: Կառավարության ղեկավարը բարենպաստ պայմաններ խոստացավ ՓՄՁ ներկայացուցիչներին: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Ռադիոլուր-ի հետ զրույցում ընդգծել է, որ փոքր ու միջին բիզնեսին աջակցելուն ուղղված քալերը նախկին վարչապետի օրակարգում նույնպես կար, այժմ դրանք կյանքի են կոչվելու:

Բարենպաստ պայմաններ ու բարենպաստ դաշտ մեր երկրի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Խոստում-հայտարարությունը հնչեց Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին նիստի ժամանակ: «Մենք մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա մեր երկրում: Յուրաքանչյուր ներդրողի կողքին ենք լինելու: Շատ մեծ քայլեր ենք կատարելու բիզնես դաշտում, որպեսզի, մեծ ներդրումներ ապահովենք:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այն կարծիքին է, որ մեզանում հարկերն ու հարկային ստուգումները շատ են, Հայաստանում պետք է հարկահավաքության ավելի պարզեցված մեխանզիմ գործի: Տնտեսվարողները հոգնել են ու շարունակ դժգոհում են հարկերի շատ լինելուց, նրանք միշտ ցանկանում են պարզեցված մեխանիզմով աշխատել: Սաֆարյանը փոխանցում է տնտեսվարողներից մեկի ցանկությունը՝ գերադասելի է մի փոքր ավելի բարձր հարկ վճարել, քան ասենք, մի քանի տարբեր հարկեր ու մի քիչ ավելի ցածր. «Անցած օրը ինձ մոտ էր եկել մի տնտեսվարող, որն ասում էր, նույնիսկ պատրաստ ենք քսան տոկոս շրջանառության հարկ վճարել և մնացած բոլոր հարկերից ազատվել»:

ՀԱԱ միության նախագահը կարծում է, որ պետություն-մասնավոր հատված տնտեսական գործառույթները պետք է ճիշտ տեղից սկսել: Կնիք ունեցող 130 հազար ՓՄՁ կա գրանցված, դրանցից հարկային մարմինների հետ շատ քչերն են աշխատում՝ 30 հազար մարդ է հարկ մուծում: այս պատճառով էլ հարկերը Հայաստանում բարձր են, հարկային ճնշումները՝ շատ են: Զրուցակիցս հարկային դաշտն ընդլայնելու անհրաժեշտություն է տեսնում:

Վազգեն Սաֆարյանն ընդգծում է, որ փոքր ու միջին բիզնեսին աջակցելուն ուղղված քալերը նախկին վարչապետի օրակարգում կար: Վազգեն Սաֆարյանն ի դեպ, առաջարկներ ունի.«Փոքր ձեռնարկություններին, ընդհանրապես տասներկու միլիոն դրամ շրջանառություն ունեցողներին, պետք է որևէ տեսակի հարկով չհարկել: Սա նույնպես շատ կարևոր է, ՓՄՁ-ն շատ կարևոր է, երբ մարդը տնտեսական ազատություն կունենա, կախված չի լինի այս կամ այն մարդու գործատուի ցանկություններից»:

ՀԱԱ նախագահը, սակայն, կարծում է, որ տնտեսական կյանքը մեր երկրում ակտիվանա, եթե խոշոր տնտեսություններն ու հատկապես արդյունաբերությունը զարգանա:

Կարդացեք նաև
Close
Back to top button