Մշակույթ

Տարիները նրա հարստությունն են. Երեւանում է Վախթանգ Կիկաբիձեն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանում է Վախթանգ Կիկաբիձեն, ով այսօր երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգից առաջ Մեցցո ակումբում հանդիպել է լրագրողների հետ, պատմել հին ու բարի ժամանակներից, իր հայ ընկերների՝ Մհեր Մկրտչյանի, Ալեքսեյ Հեքիմյանի մասին, խոսել է իր նոր գրքի մասին, որը կոչվում է «Նրանք», երգերի մասին, որոնց հանդեպ տարիների ընթացքում ավելի ու ավելի բծախնդիր է դառնում: Վախթանգ Կիկաբիձեն բացահայտել է նաև կյանքի իմաստն ընկալելու իր բանաձևը: Վրաց սիրելի արտիստը, կարելի է ասել, խոսել է ամեն ինչի մասին, բացի քաղաքականությունից: Դա լրագրողներին ներկայացված նախապայմանն էր: Նշենք, որ Վախթանգ Կիկաբիձեի երևանյան համերգի կազմակերպիչը «Mezzo production» ընկերությունն է: Համերգը կրում է «Мои года мое богатство» խորագիրը:

Տարիներն այսօր 75-ի շեմն անցած արտիստի հարստությունն են, որոնք սնվում են ջերմ ու բարի հիշողություններով: Վախթանգ Կիկաբիձեն ցանկացած առիթով մեծ սիրով հիշում ու պատմում է Մհեր Մկրտչյանի մասին, ում հետ ընկերությունը հայ-վրացական, թերևս, ամենաազնիվ ու անկեղծ բարեկամության խորհրդանիշն է, ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այսօր՝ նոր սենդի համար:

«Ուրախ եմ, որ այդքան սիրում եք Ֆրունզիկին, նրան ամենուր են սիրում: Նա ծնվել էր հենց սիրված լինելու համար»,-ասում է Վախթանգ Կիկաբիձեն: Առաջին հանդիպման ժամանակ նրան ցնցել են Մհեր Մկրտչյանի աչքերը: «Այսքան ուրախ, այսպիսի պայծառ դեմքով մարդ ու այդքան տխուր աչքեր: Մի տեսակ անհասկանալի էր»:

«Ես չգիտեի նրա կյանքը: Հետո միայն իմացա, որ նա անձնական մեծ ողբերգություն է ապրում: Ֆրունզիկը չափազանց տաղանդավոր էր, բացառիկ հումորի տեր: Ես ընդամենը երկու մարդու եմ ճանաչել, որոնք ծիծաղեցնում էին, բայց իրենք չէին ծիծաղում, մեկը Յուրի Նիկուլինն է, մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը: Այն տարիներին հայ-վրացական անեկդոտները տարածված էին: Սիրում էինք միմյանց հոգու հետ խաղալ, ասել սա հայկական է, սա վրացական է: Թբիլիսիում նրան տարել էի, որպեսզի տեսնի 4-րդ դարի մի հրաշալի եկեղեցի: Նա երկար նայեց ու ասաց.«Հավատս չի գալիս, որ սա էլ են հայերը կառուցել: Ես լռեցի: Երեք ամիս անց «Միմինո» ֆիլմի նկարահանումների ժամանակ միասին էինք «Ռոսիա» հյուրանոցում: Առավոտյան ժամը 4.30 զանգահարում եմ նրան ու ասում.«Ֆրունզիկ չէի կարող քեզ չզանգել: Հենց նոր Ամերիկայի ձայնը լսեցի, ասում են՝ Դիլիջանում գիտնականները հայտնաբերել են մի քար, որը փաստում է, որ հայկական կոմսոմոլը 500 տարեկան է: Ես ծիծաղում եմ, իսկ նա լուռ է, ասում եմ՝ ինչու չես ծիծաղում, պատասխանում է՝ չէր լինի, որ էդ քարը 11-ի կողմերը հայտնաբերեին»:

«Мои года мое богатство» երգը նրա երգացանկի անբաժանելի մասն է, իսկ երգի հեղինակի՝ Ալեքսեյ Հեքիմյանի հետ առաջին հանադիպման ժամանակ, ասում է, որ անգամ վախեցել է Հեքիմյանից, որը ներկայացել էր զինվորական խիստ, սպիտակ համազգեստով և ուսադիրներով: «Մինչ այդ զանգահարել էին ՊԱԿ-ից ու հայտնել, որ կա մեկը, ով ուզում է կատարեմ իր երգերը: Ես էլ կատակեցի՝ իրերս հավաքած գամ, թե՞ կարիք չկա: Հեքիմյանը երաժշտության հրաշալի զգացողություն ուներ, նա փառահեղ կոմպոզիտոր էր: Այդպիսիք հիմա չկան»,-ասում է Վախթանգ Կիկաբիձեն: Հենց այդ պատճառով էլ այսօր գերադասում է երգել սեփական երգերը: Տարիների կուտակումները վերածվում են ոչ միայն երգի: Դրանք նաև գիրք են դարձել: Այն կոչվում է «Նրանք»:

«Գիրքը գրեթե պատրաստ է, սկզբում այն պետք է կոչվեր «Կովկասյան պատկանելիությամբ անձը»՝ ռուսերեն հայտնի «Лицо ковказской националности» արտահայտությամբ: Այդ արտահայտությունը չափազանց վիրավորական է կովկասցիներիս համար, բացի այդ ցանկություն չունեի վիրավորել ռուսներին: ի վերջո բոլոր ռուսները չէ, որ նման վերաբերմունք ունեն: Այս գիրքը անսովոր մարդկանց մասին է, սպիտակ ագռավների: Այնտեղ կա հայ, վրացի, ռուս , ադրբեջանցի, չինացի, իտալացի»:

Տարների հարուստ փորձն ու պատկառելի տարիքը կյանքի իմաստը մեկնաբանելու արտիստի սեփական բանաձևն է ստեղծել. «Ավելի մեծ անիմաստություն, քան ինքը կյանքը, ես չեմ պատկերացնում»,-գուցե զարմանալի է, բայց հենց այդպես է մտածում Վախթանգ Կիկաբիձեն: Նրա բնորոշմամաբ այդ մեծ անիմաստության ընթացքում ծառ, այնուամնեյնիվ, պետք է տնկել, ընտանիք ստեղծել զավակներ ունենալ ու սիրել հայրենիքը: եթե մի քիչ էլ հարևանիդ սիրես, դա արդեն հրաշալի է»,-ասում է: Ինչ վերաբերում է երևանյան այսօրվա համերգին, ապա հայ բարեկամների հրավերն, ինչպես միշտ, ընդունել է մեծ հաճույքով:

Back to top button