Հասարակություն

Սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրը շարունակում է մնալ սոցիալականը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ընդունելության նախաշեմին սփյուռքահայ ուսանողների խնդիրների և ձեռքբերումների մասին է այսօր խոսել Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: Սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրը սոցիալական է: Բուհերում վարձերի վճարն ավելի բարձր է, քան տեղացի ուսանողների համար է սահմանված: Ի տարբերություն շատ սփյուռքահայերի որոշ արտոնություններ ունեն սիրիահայերը: Ջավախահայ ուսանողների խնդիրներով էլ այսուհետ զբաղվելու է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

Եթե հայաստանյան դիմորդների ընդհանուր թիվը տարեց տարի պակասում է, ապա նույնը չի կարելի ասել սփյուռքահայ դիմորդների մասին: Թեև սփյուռքահայ ուսանողների՝ բուհեր դիմելու այս տարվա ժամկետը կմեկնարկի հուլիսի 7-ից, և դեռ հայտնի չէ, թե մոտավորապես որքան ուսանող կունենանք այս տարի, այնուամենայնիվ վերջին տարիների տենդենցը հակառակի մասին է վկայում: Եթե 2010-11 թթ Հայաստանում սովորում էր 3400 սփյուռքահայ ուսանող, ապա 2013-14 թվականներին այդ թիվը հասավ 4300-ի: Հակառակ սփյուռքահայերի թվի փոփոխման անփոփոխ են նրանց խնդիրները Հայաստանում: Դրանցից ամենագլխավորն ըստ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի շարունակում են մնալ վարավճարները:

«Հայաստանի խոշոր բուհերում, որտեղ սփյուռքահայ ուսանողների թիվը բավականին մեծ է վճարում են վարձավճարներից 30-50 տոկոս ավելի ու դա բնականաբար և ֆինանսական և հոգեբանական բավականին լուրջ խնդիր է: Այսինքն որպես օտար ընդունվելու խնդիրն է»:

Այսպիսով` եթե սփյուռքի բաժնով են ընդունվում, ապա վարձավճարներն էլ ավելի բարձր են լինում, փոխարենն այս դեպքում ընդունելությունն է հեշտ: Ի տարբերություն շատ սփյուռքահայերի որոշ արտոնություններ ունեն սիրիահայերը:

Ինչ վերաբերում է ջավախահայ ուսանողներին, ապա 2014 թվականից նրանց խնդիրներով զբաղվելու է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Իսկ ընդհանրապես` Սփյուռքահայ ուսանողների հիմնախնդիրներով զբաղվում է Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը: Հատկապես մեծ աշխատանք են տանում քննաշրջանի ընթացքում: Հոգեբանական դասընթացներից բացի, որոնք օգնում են ուսանողներին ավելի արդյունավետ պարապել ու բարձր գնահատական ստանալ, խորհորդն իրականացնում է նաև մշակութային միջոցառումներ: Ունեն նաև իրավական հանձնաժողով, որն աջակցություն է տրամադրում ուսանողներին: Նշենք, որ Հայաստանում սովորում է 4299 սփյուռքահայ ուսանող, որոնցից 2000-ը պետական բուհերում:

Back to top button