Տնտեսական

Հ.Մեսրոբյան.«Կառավարության ծրագրում չկան հիմնական հարցերի պատասխաններ, ուստի չկան նաեւ սպասելիքներ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սկսած 91 թ.-ից անվերջ խոսվել ու հեռակա բանավեճեր են եղել ծրագրերի շուրջ: Դրանք, սակայն, անվերջ անպտուղ են, քանի որ մամուլում բանավեճերի միջոցով չէ, որ երկրի զարգացման լուսաբացը բացվի: Այս ձեւակերպմամբ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ իր խոսքը պատկերավորել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին եւ դրա շուրջ քննարկումներին ու հեռակա բանավեճերին: Երբ կառավարման համակարգի հիմքն անհաջող է դրված եւ չկա մրցունակ պետություն կառուցելու նպատակ, ապա կարեւոր չեն անձիք` կարծիք է հայտնել փորձագետը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ ամենեւին էլ կապ չունի, թե ովքեր են կառավարությունում: Եթե խոսքը այն ժամանակների մասին է, երբ արդյունքներ ու պտուղ չկան, ապա` դրանց մասին բոլոր դիտողություններն էլ անպտուղ են` անկախ նրանից, թե ով է դա ասում: Անդրադառնալով ներկայիս կառավարության ծրագրին` Հարություն Մեսրոբյանը համոզմունք հայտնեց, որ այնտեղ չկա մի քանի հիմնական հարցի պատասխան, ուստի եւ` չկան նաեւ սպասելիքներ:

Քանի դեռ այս հստակեցումները չկան` նման փաստաթղթերը ես ծրագիր չեմ համարում` եզրահանգեց կառավարման փորձագետը: Որպես օրինակ նա նշեց, որ Հայաստանում ստվերայնության մակարդակը, տարբեր հաշվարկներով, տատանվում է 40-80 տոկոսի սահմաններում: Սա նշանակում է, որ 2-5 անգամ կարելի է ավելացնել թե ՀՆԱ-ն, թե բյուջեն: Մինչդեռ, ըստ բանախոսի, պետական պարտքն աճում է, վիճակը չի լավանում, իսկ ամեն ամիս ինչ-որ լրացուցիչ երեւույթ է ի հայտ գալիս, որով մարդիկ պետք է ավելի շատ վճարեն: Մարդկանց գրպանի միջոցով փորձ է արվում փակել վատ կառավարումը: Սա զարգացում չի կարող ապահովել` եզրափակեց կառավարման փորձագետը:

Կարդացեք նաև
Close
Back to top button