

լրացվել է ժամը 18։ 37- ին
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր սկսել է գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքը: Մինչ ամառային հանգստի մեկնելը՝ Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նաև արտահերթ նստաշրջան կհրավիրի: Իսկ այսօր մեկնարկած քառօրյայի օրակարգում մի քանի տասնյակ օրինագծեր ու համաձայնագրեր են: Խորհրդարանի քննարկմանն են սպասում 2013 պետական բյուջեի կատարողականը, Կենտրոնական բանկի՝ նախորդ տարվա հաշվետվությունն ու ընթացիկ տարվա ծրագիրը, և մի շարք այլ օրինագծեր։ Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ նաև ՍԴ նոր անդամ է ընտրել: Արայիկ Թունյանը, ում կողմ է քվերակել 63, իսկ դեմ 3 պատգամավոր, ՍԴ-ում փոխարինելու է պաշտոնավարման ժամկետն ավարտած ՎալերիՊողոսյանին: Այս ամենից զատ ՝ խորհրդարանում ասյօր հնչել է Ասռտանայում տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները քննարկման թեմա դարձենլու առաջարկը: Այն ոչ իշխանական ուժերինն է, խորհրդարանական մեծամասնությունը ընդհանուր առմամբ առաջարկին դեմ չէ:
Նազարբաեւի Աստանայի հայտարարության հետեւանքը. ԱԳ նախարարին կկանչեն ԱԺ
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները պետք է քննարկման առարկա դառնան խորհրդարանում: Պատգամավորը հուշում է նաև ձևաչափը ՝ քառօրյայի օրակարգում ՀԱՊԿ-ին վերաբերող համաձայնագիր կա, այն կարող է դառնալ Աստանայի թեման քննարկելու ֆորմալ առիթ։ «Աստանայում Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի նամակը կարդալուց հետո սահմանի վրա իրավիճակն ավելի է լարվել: Օրակարգում կա ՀԱՊԿ-ին առնչվող նախագիծ, իսկ Ղազախստանը մեր ՀԱՊԿ գործընկերն է»։
Փաշինյանն առաջարկում է խորհրդարան հրավիրել արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին և ոչ միայն պարզաբանումներ լսել, այլ նաև խորհրդարանի վերաբերմունքն արտահայտող շեշտադրումներ ամրագրել:
Նույն հարցով արտագործնախարարին դիմել է նաև ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ «Սահմանված բոլոր ժամկետներն անցել են, բայց որևէ պատասխան հանձնաժողովի պաշտոնական դիմումին չի տրվել»։
Առաջիկա առիթը, որ արտգործնախարարին կբերի խորհրդարան, չորեքշաբթի սպասվող կառավարություն- ԱԺ հարցուպատասխանն է: Բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեմ չէ նաև լսումներ կազմակերպել։ «Կփորձենք և ձեր, և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջոցով լսումներ կամ աշխատանքային քննարկում կազմակերպել, որի ընթացքում կվերլուծվի նաեւ այդ խնդիրը»,- ասաց։
Որպես լսումների հավանական ժամկետ Գալուստ Սահակյանը հունիսի 16-17-ը նշեց՝ նկատելով, որ ժամկետներն ու ձևաչափը հստակեցնելու կարիք ունեն: Արդեն նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքվեցինք՝ խորհրդարանական մեծամասնությունն արդյո՞ք կիսում է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների մտահոգությունը, կամ նույնպե՞ ս կարծում է, որ Աստանայի իրադարձությունները խորհրդարանում պարզաբանվելու կարիք ունեն։
«Մինչև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը այդ հարցը եղել է նաև մեր օրակարգում։ ԱԺ նախագահի մոտ քննարկում ենք ունեցել: Քաղաքականության մեջ, հատկապես բանակցային պրոցեսում, կան հարցեր, որ միշտ չէ , որ նպատակահարմար է քննարկել տեսախցիկների առաջ: Ինչ վերաբերում է Աստանային, ապա կարծում եմ, որ պետք է տարբերենք բուն բանակցային գործընթացը հրապարակային հայտարարությունից»։
Էթիկայի կանոնները խախտել է եւս մեկ պատգամավոր. նա էլ է ՀՀԿ- ից
ԱԺ կանոնակարգի պահանջով՝ այսօր հրապարակվեց նաև Էթիկայի հանձնաժողովի հունիսի 2-ի նիստում կայացված որոշումը, որը վերաբերում էր հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Դիմողներն այն լրագրողներն էին, ովքեր դեկտեմբերի 23-ին պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել հենց նիստերի դահլիճում: Առաքել Մովսիսյանը լրագրողների հասցեին անպարկեշտ արտահայտություն էր թույլ տվել: Քննելով դիմումը ՝ էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ պատգամավորը խախտել է էթիկայի կաննոները: ԱԺ կանոնակարգը նախատեսում է որոշման հրապարակում քառօրյայի ընթացքում:
Ըստ էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի՝ հրապարակում եզրույթը չի պարտադրում, որ որոշումն ընթերցվի ԱԺ ամբիոնից: Եվ ընթերցելու, և չընթերցելու նախադեպեր հանձնաժողովն ունեցել է։ «Չեմ ուզում դրա մեջ որևէ սենսացիա փնտրել կամ եզի տակ հորթ փնտրել: Հասկանում եմ, որ մեր որոշումը զարմացրել է շատերին, նաև մի շարք անաչառ լրատվամիջոցներ, որոնք նշում էին, որ Հանրապետականը ՀՀԿ-ական պատգամավորի դեմ որոշում չի կայացնի: Բայց մենք տեսնում ենք, որ բոլոր որոշումները կայացվել են հենց հանրապետական պատգամավորների նկատմամբ, մինչդեռ մենք 20-ից ավելի որոշում ենք կայացրել»։
20-ից ավելի որոշումներից միայն 3-ով է հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտում արձանագրել, մյուս դիմումները մերժվել կամ կարճվել են: Իսկ էթիկայի կաննոները, ըստ հանձնաժողովի, խախտած 3 պատգամավորներից առաջինը Սամվել Ալեքսանյանն էր ՝ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված, երկրորդը ՝ Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի հետ կապված միջադեպի առիթով և երրորդն էլ Առաքել Մովսիսյանն է:
Ոչ իշխանական քառյակը կգաղտնազերծի իր պահանջագիրը
Այսօր վերջապես նաև պարզ դարձավ, թե երբ ոչ իշխանական քառյակը կներկայացնի իր 12 կետանոց հայտարարությունը, որի մասին խոսվում է վերջին երկու շաբաթների ընթացքում: Այսօրվա հերթական հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իշխանություններին ուղղված 12 կետանոց պահանջագիրը վերջնական տեսքի է բերվել. վաղը քառյակի մաս կազմող խմբակցությունների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով, կներկայացնեն հայտարարությունը և այն կփոխանցեն իշխանություններին: