ՆԱՏՕ-ի ԽՎ-ում բարձրացվել են հայերին հուզող մի շարք հարցեր


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Աժ պատվիրակությունը մասնակցել է Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին: Այսօր պատգամավորները լրագրողներին ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել այդ աշխատանքներին եւ ինչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը: Մեր պխատվիրակության երեք անդամն էլ նշեցին, որ ՆԱՏՕ ԽՎ աշխատանքներում առանցքային է եղել ուկրաինական դեպքերի ներկայացումն ու վերլուծությունը` դրանից ածանցվող բոլոր խնդիրներով: Բայց ամեն դեպքում որոշ անդրադարձ է եղել նաեւ հայերին հուզող խնդիրներին:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում մեր պատվիրակները բարձրաձայնել են Սիրիայում`մասնավորապես հայաշատ Քեսաբ քաղաքում Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը: Հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանի բարձրացրած հարցն ուներ հստակ ենթատեքստ. ինչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որ իր անդամ-երկրների կողմից նման քայլեր չլինեն:
«Մեր մտահոգությունն արտահայտեցինք, որ Թուրքիայի տարածքից ներթափանցել են իսլամական ծայրահեղ ուժեր եւ մեր ունեցած տեղեկություններով Թուրքիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այդ ծայրահեղական ուժերին: Թուրքիայի պատվիրակն անմիջապես արձագանքեց` նշելով, որ Թուրքիայի պատվիրակության կողմից որեւէ մասնակցություն չկա Հալեպում եւ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններում: Ցավոք, որեւէ արձանաք հետո տեղի չունեցավ զեկուցողի կողմից»:
Այս իմաստով ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովում մեր պատվիրակությունը շատ անելի չունի, քանի որ պարզապես ասոցիացված անդամ է եւ նոր է միայն միջնորդում, որ մեր պատվիրակներն իրավունք ունենա տարբեր կարեւոր հարցերի քննարկումների ժամանակ ելույթներով հանդես գան: Ինչ վերաբերում է տարբեր հարցերն անարձագանք թողնելուն, ապա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի այս սկզբունքը փորձեց ավելի պատկերավոր բացարտել հայկական պատվիրակության մեկ այլ անդամ` Թեւան Պողոսյանը:
«ՆԱՏՕ-ն 28 երկրների գործընկերների մի համագործակցություն է չկա ոչ տրադիցիա, ոչ սովորություն գործընկերոջը որեւէ մի ձեւ նեղացնել: Ցավոք սրտի Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, որտեղ այդ տրադիցիան չի ձեւավորվել: Հակառակը` գործընկերները կարող են դնել շատ վատ վիճակի մեջ: ՆԱՏՕ-ում փորձել սպասել կամ ակնկալել, որ որեւէ մեկը այնտեղ բաց տեքստով Թուրքիայի վրա մատ թափ կտար տեղի չի ունենալու: Միգուցե փակ դռների հետեւում դա անում են, բայց դա այլ հարց է»:
Հայ պատվիրակները նշեցին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել երկկողմ հարաբերություններն այն չափով, որով Հայաստանը նպատակահարման կհամարի: Իսկ Հայաստանի ակնկալիքները ՆԱՏՕ-ից դեռ շատ են: Կորյուն Նահապետյանը նշեց. ՆԱՏՕ-ի ղեկավարությանը տեղեկացրել են հայկական կողմի ցանկության մասին` մասնակցել Բաքվում կայանալիք «Ռոուզ Ռոդ» սեմինարին, թե ինչպես այդ հարցը կլուծվի պարզ չէ: Բայց հաջորդ նմանատիպ սեմինարը հաջորդ տարի Երեւանում անցկացնելու պաշտոնական առաջարկը հայկական կողմն արդեն փոխանցել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը: Ինչ վերաբերում է այդ կառույցի Խորհրդարանական Վեհաժողովի ընդհանուր աշխատանքին, ապա այն ընդհանրապես ունեցել է կոնկրետ հակառուսական ուղղվածություն` ուկրաինական դեպքերի հետ կապված: Նույնիսկ ընդունվել է Ուկրաինայի աջակցության Հռչակագիր: Այս առումով Հայաստանը` իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից մտահոգվելու առիթ չունի, վստահեցնում է Կորյուն Նահապետյանը:
«Որպես ասոցիացված անդամ կարող ենք միայն մասնակցել քննարկումների, ներկայացնել հարցադրումներ,մեկնաբանություններ անել, բայց քվեարկելու իրավունք չունենք եւ այդ առումով, բնականաբար, Ուկրաինային աջակցության վերաբերյալ Հռչակագրի քվեարկության ժամանակ չենք մասնակցել քվեարկությանը»:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առանցքային է եղել նաեւ հետեւյալ մոտեցումը. թե պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը: Թեւան Պողոսյանին այստեղ մտահոգում է հարցը, որ այս ամենը չվերածվի սպառազինման նոր մրցավազքի: