Մշակույթ

Ավարտվեց «Հայաստանի Փոքրիկ երգիչների» 20 — րդ շրջագայությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 22-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է Շվեյցարիայում կայացած Բազելի երիտասարդական և մանկական երգչախմբերի եվրոպական փառատոնին, որին մեր երգչախումբը մասնակցում էր երկրորդ անգամ: Առաջինը 1995 թվականին էր և փառատոնի կազմակերպիչներն այնքան տպավորված էին երգչախմբի ելույթներից, որ խախտելով փառատոնի կանոնակարգը, ըստ որի արգելվում է տվյալ երգչախմբին երկրորդ անգամ մասնակցել փառատոնին, «Հայաստանի փոքրիկ երգիչները» այս անգամ մասնակցեցին որպես պատվավոր հյուր`հոգալով երգչախմբի ողջ ճանապարհասածախսն ու կեցության հարցերը:

Մաշտոցից, Կոմիտասից, Շնորհալուց, Օձնեցուց և Նարեկացուց անցում դասական, ժամանակակից և ջազային բարդագույն երաժշտական ստեղծագործությունների: Շվեյցարիայի մի շարք քաղաքներում և Բազելի տարբեր հրապարակներում ու այլուր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս ծրագրով ներկայացել է ունկնդրին: Հայ երգիչների հետ Կոմիտաս են երգել անգամ ամերիկյան երգչախմբի բազմազգ երգիչները և տպավորություններով կիսվել իրենց բլոգ-էջերում:

Այն խոսքերն ու տպավորությունները, որով կիսվում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետները, երաժշտական ու խմբերգային արվեստի կարկառուն դեմքերը, վկայությունն են այն բանի, որ աշխարհում դեռ չկա այնպիսի երգչախումբ, որն առավել լինի «Հայաստանի փոքրիկ երգիչներից», ասում է մաեստրո Տիգրան Հեքեքյանը և նշում, որ 20 տարիների շրջագայությունն ապացուցել է, որ մեր երգչախումբը դարձել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի սեփականությունը:

Տիգրան Հեքեքյանը խոստովանում է դժվար է երգչախմբի փոփոխվող կազմում ապահովել որակ, սակայն այս դժվարությունը իրենք հաղթահարում են պատվով:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ երգչախումբը 100 համերգ ծրագրի շրջանակներում տարբեր համերգներով հանդես կգա դեռևս շատ երկրներում: Ամեն համերգի ընթացքում փոքրիկ երգիչները կատարում են հատուկ երգչախմբի համար գրված Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթքը» ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:  Փառատոնից դուրս երգչախումբը համերգային շրջագայություններ է ունեցել Ժնևում, Վերբիեում, Մարտինիում, Բեռնում և այլուր: Նշենք, որ սա երգչախմբի 20-րդ շրջագայությունն էր և այս 20 տարիների ընթացքում երգչախումբը հայ արվեստը ներկայացրել է աշխարհի ամենահայտնի համերգասրահներում և օպերային դահլիճներում:

Back to top button