Հասարակություն

Կառավարման ակադեմիան նշեց իր 20 ամյակը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր լրանում է Պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկ են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Կառավարության և միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, նախկին և ներկայիս շրջանավարտները: Միջոցառման ընթացքում ակադեմիայի դասախոսական կազմից Վիլիկ Եդիգարյանն ու Մարիամ Մրգարյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են « Մովսես Խորենացի» մեդալով: Այսօր ակադեմիայի 210 շրջանավարտներ ստացել են նաև իրենց դիպլոմները:

1954 թվականի մայիսի 24-ին կառավարության թիվ 240 որոշմամբ ստեղծվել է կառավարման դպրոցը, որի տնօրեն է նշանակվել Խաչատուր Երզնկյանը, իսկ առաջին դասախոսությունը կարդացել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Կառավարման դպրոցի դերն ու նշանակությունը մեծ է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության գործադիր իշխանության հանրապետական, տեղական մարմինների համար պետական կառավարման բարձրագույն և միջին օղակի ծառայողներ պատրաստելու հարցում:

Պետական կառավարման ոլորտի համար կադրեր պատրաստելու և ուսուցման գործընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաստանի Կառավարության պետական դպրոցը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ոչ առևտրային կազմակերպության:
Այսօր լրանում է այս կրթօջախի հիմնադրման 20-ամյակը: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի խոսքով`այս տարիների պատմությունը փաստել է, որ ակադեմիայի ռազմավարական ուղղություններից մեկը մրցունակ և նախաձեռնող կադրերի պատրաստումն է , որոնք էլ այսօր պետության համար կաևոր պաշտոններ են ստանձնում: Նրանցից են Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, ԱԺ-ի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զաքարյանը և այլք: Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանն ուրախ է, որ իր սաներն այսօր աշխատում են պետությունը կայացնելու ուղղությամբ:

Այս կրթօջախի համար թերևս այնքան էլ երկար ժամանակահատված չէ, սակայն ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը վստահ է, որ այս դարբնոցն արդեն կայացած է: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով` Կառավարման ակադեմիան, այն դարբնոցներից է, որտեղ թրծվել են պե տական կառավարման համակարգի համար լավագույն կադրերը:

Առանց գիտակ հանրային ծառայողների ոլորտը բարելավել անհնար է, իսկ այս խնդիրը լուծված է այս ակադեմիայի շրջանավարտների կողմից: Այսօր Ակադեմիայի մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման 210 շրջանավարտներ ստացան իրենց դիպլոմները : 23 –ամյա Հայկ Մամիջանյանը դեռևս չի որոշել` որ ոլորտում է կիրառելու այս դարբնոցում ստացած մրցունակ գիտելիքները, սակայն վստահ է, որ օգտակար կլինի պետության կայացման հարցում:

«Համարում եմ, որ Պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտի ոչ միայն մասնագիտությունը, այլև կոչումն է ծառայել սեփական պետությանը: Կարծում եմ` ռեսուրսը, որը մեր վրա ներդրվել է Կառավարման ակադեմիայում պետք է վերադարձվի պետությանը, և յուրաքանչյուրս մեր տեղում մեր չափով պարտավոր ենք վերադարձնել այդ պարտքը, որը ստացել ենք պետությունից»:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Պետական կառավարման ակադեմիայի սաները պետական կառավարման համակարգում հրաշալի ունակություններ են դրսևորում և ներդրում բերում հանրային կառավարման ոլորտի զարգացմանը և վստահեցրեց, որ այս տարվա լավագույն շրջանավարտները աշխատանքի կտեղավորվեն նախագահի աշխատակազմում:

Back to top button