Միջազգային

Ուկրաինայի 5-րդ նախագահը ստանձնեց իր լիազորությունները

Այսօր պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի Ուկրաինայի 5-րդ Նախագահ Պյոտր Պորոշենկոն: Քառասունութամյա «շոկոլադի արքան» երկրի ղեկավարումն ստանձնում է բավական բարդ պայմաններում եւ խոստանում՝ պրագմատիկ քայլերի շնորհիվ երկիրը դուրս բերել ճգնաժամից: Պորոշենկոն ընդունված է Արեւմուտքում: Ուկրաինայի նախագահական ընտրությունները ճանաչել եւ Պորոշենկոյին շնորհավորել են արեւմտյան բոլոր պետությունները:

Որպես քաղաքական գործիչ` Պյոտր Պորոշենկոյի կենսագրությունը հարուստ չէ: Նա ավելի շատ հայտնի է որպես բիզնեսմեն եւ «Ռոշեն» քաղքցրավենիքի գործարանի սեփականատերը: Հետաքրքրական է, որ նա Ուկրաինայի նախագահներից միակն է, որ չի թաքցնում իր բիզնես գործունեությունը, սակայն հավաստիացնում է, որ բիզնեսը քաղաքականությանը չի խանգարի: Թեպետ շատ կարճ ժամանակահատված Պորոշենկոն նաեւ նախարար է եղել՝ 2009-2010թթ՝ Ուկրաինայի արտաքին գործերի, իսկ 2012թ. 8 ամսով տնտեսության զարգացման եւ առեւտրի նախարարը, այնուամենայնիվ, Պորոշենկոյի գործունեության մասին բովանդակ հոդվածներ եւ հարցազրույցներ կարելի է գտնել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներում: Նշանավոր Forbes ամսագիրը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Պորոշենկոյի գործունեությանը, նրան համարել որպես ուժեղ բիզնեսմեն, խելացի անձնավորություն եւ յուրահատուկ կերպար հետխորհրդային Ուկրաինայի բիզնես միջավայրում:

Ուկրաինայի 5-րդ Նախագահը հաջողակ է նաեւ ընտանիքում: Նրա ամուսնությունը ամուր է, իսկ ընտանիքը մեծ: Պորոշենկոն երկու որդի եւ երկու դուստր ունի: Դստրերի կնքահայրը Ուկրաինայի 3-րդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն է: Նրա հետ հարաբերությունները պահպանվում են, սակայն դա չի խանգարել, որ կարճ ժամանակահատված Պորոշենկոն աշխատի նաեւ 4-րդ նախագահ Յանուկովիչի հետ: «Բարեկամությունը՝ բարեկամություն, բիզնեսը՝ բիզնես»,- գրում է BBC-ն` հավելելով, որ նույն մարտավարությունը Պորոշենկոն կընտրի նաեւ քաղաքականությունում եւ կփորրձի դուրս բերել երկիրը պառակտման վիճակից:
Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած արտահերթ ընտրություններում Պյոտր Պորոշենկոն ստացավ ընտրողների ձայների 54 տոկոսն ու ընտրվեց նախագահ:

Back to top button