Հասարակություն

Ովքե՞ր են կանգնած Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ճնշումների հետևում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Օրերս ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը «Հասարակական երկխոսություններ» հայ-ադրբեջանական համատեղ նախագծի շրջանակներում հանդես է եկել առցանց ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է երկու երկրների ոչ կառավարական կազմակեպությունների շփումների պաշտանական Բաքվի կողմից դրված արգելքին, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասով անմխիթար վիճակին:

Վերջին ամիսներին ադրբեջանական իշխանությունները կոշտ սահմանափակումներ են կիրառում այն տեղացի հասարակական գործիչների հանդեպ, ովքեր շփում ունեն իրենց հայ գործընկերների հետ: Այդ պատժամիջոցներից տուժել են նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսինը՝ Հայաստան բազմիցս այցելած հասարակական գործիչ և լրագրող Արիֆ Յունուսը: Վերջինիս առողջական վիճակը վատթարացել է և նույնիսկ բուժման համար տեղական բանկերից մեկը հրաժարվում է տրամադրել նրա անձնական հաշվին եղած գումարները: Ըստ Լեյլա Յունուսի, իրապահները առգրավել են ամուսինների անձնագրերը:

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանում ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ճնշումների խստացման հետևում կանգնած է իշխանության ռուսամետ խմբավորումը: Այդ պատճառով ճնշումների ենթարկվում են այն գործիչները, որոնք կապված են Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ»:
Նման ճնշումների տիկին Յունուսը բազմիցս հանդիպել է իր գործունեության ընթացքում, որից իշխանությունների նյարդերը տեղի են տալիս: Ըստ նրա, Արևմուտքում չեն գիտակցում, որ Ալիևի ավտորիտար վարչակազմի խրախուսումը նրանց կողմից հղի է ծանր հետևանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում:
«Ռազմական հռետորաբանությունը վաղուց առկա է մեր ղեկավարների խոսքում: Ավտորիտար վարչակազմին միշտ անհրժեշտ է արտաքին թշնամին: Կարծում եմ, որ այսօր առկա «ստատուս-քվոն» լիովին ձեռնտու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին»:

Լեյլա Յունուսին մտահոգում է ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող այլատյացության քաղաքականությունը, մասնավորապես հայերի հանդեպ:
«Դա հարևան ժողովրդի հանդեպ չափազանց ահավոր ատելության հրահրում է, երբ դպրոցական դասագրքերում բոլոր սարսափներում մեղադրում են հայ ժողովրդին: Այսպես, ըստ այդ աղբյուրների, մահմեդականների տարանջատումը շիա և սունի թևերին իրագործել են քրիստոնյաները, մասնավորապես հայերը»:

Ադրբեջանում այսօր առկա է 130 քաղբանտարկյալ, որոնցից 12 լրագրողներ են և բլոգերներ: Արդեն մոտ 10 տարի փաստացի արգելված է հանրահավաքների և երթերի անցկացումը: Այս առումով, առավել ազատ էր ժողովրդական դիվանագիտությունը, որին աջակցում էին միջազգային կառույցները և որի ի սպառ սահմանափակմանը ամեն կերպ ձգտում են այդ երկրի իշխնությունները, հավելեց իրավապաշտպանը:

Back to top button