Արդյո՞ք հնարավոր է պատերազմի վերսկսում. այս հարցը վերջին շրջանում հաճախ է հնչում տարբեր դեպքերի հետ կապված: Այն, որ Հայաստանը գտնվում է ոչ թե խաղաղության, այլ հրադադարի պայմաններում հուշում է կոնկրետ գործողություններ: Դրանցից առաջինը մատնանշում է «Ընդդեմ իրավական կամայականության»կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն եւ նախկին պատգամավոր Լաիսա Ալավերդյանը:
Իշխանությունները ողջ բեռը դնում են ուժային կառույցի ուսերին.պետք է դիվանագիտական մոտեցում ցուցաբերել եւ հարցը բարձրացնել միջազգային ատյաններում
Լարիսա Ալավերդյան
«Ես ուզում եմ իշխանությունների մասին ասեմ. այնպես են իրենց պահում, որ կարծես թե պատասխանը` իրական եւ համարժեք, մնում է ուժային կառույցի վրա: Մինչդեռ, պարտավոր է պետությունը դիվանագիտական, պետական, գործադիր, խորհրդարանական ամենատարբեր ձեւով ոչ թե հայտարարությամբ հանդես գա, հարցը մտցնի օրակարգի մեջ այս կամ այն միջազգային ատյաններում: Սա չի արվում տարիներ շարունակ: Նախ եւ առաջ բնութագրենք Ադրբեջանի արածը` դա պետական ահաբեկչություն է ոչ միայն պետության, այլեւ սահմանում բնակվող խաղաղ բնակչության դեմ: Կարող են անել շատ բան ոչ թե հայտարարություններով, այլ բերելով եւ օրակարգի հարց դարձնելով` պատասխանատվության հրավիրելով Ադրբեջանին»:
Ադրբեջանը միաջազգային հանրության գնահատակից չի վախենում, Ադրբեջանը հստակ գիտի, որ իրեն չեն դատապարտելու Վարդան Դեւրիկյան
Գրականագետ Վարդան Դեւրիկյանը կարծում է, որ սահմանային միջադեպերով Ադրբեջանն ու Թուրքիան հետապնդում են մի շարք նպատակներ: Նախ Ադրբեջանն ուզում է շեշտել բանակցային գործընթացից իր դժգոհությունը, հանդես է գալիս ուժային դիրքերից եւ ցույց տալիս իր անհամաձայնությունները: Իսկ Թուրքիան` քանի մոտենում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, փորձելու է օգտագործել Ադրբեջանին որպես երկրորդ ճակատ:
Ավտոմատը վայրենու ձեռքին երկաթի կտոր է, մեր հակառակորդը պոտենցիալ չունի Մանվել Եղիազարյան
Այս ամենում, ինչպես նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի պարագայում, Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել մեկ բան. «Մենք ադրբեջանական բանակին բավականին լավ ծանոթ ենք: Ադրբեջանական բանակը չի կարող ամենալավը լինել, քանզի նրա ժողովուրդը միատարր չէ: Նրանք զոռով հավաքում են թալիշներին, լեզգիներին, ուդիներին, գյարգյարներին, քրդերին: Նրանք չեն կռվելու, որովհետեւ դա իր հայրենիքը չի: Ինչի պետք է գնան ազերիների համար մատաղ լինեն: Երկրորդը` դուք մի մոռացեք, որ նրանք ներքին խնդիրներ ունեն Ադրբեջանի հետ: Ավտոմատը վայրենու ձեռքին դա երկաթի կտոր է: Մեր հակառակորդը պոտենցիալ չունի այդպիսի»:
Այն, որ աշխարհում տեղի է ունենում ինչ որ նոր վերադասավորություն , այսօր փաստում են աշխարհաքաղաքական իրադարձությունները: Նույն Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս. երբեք պետք չէ հույսը դնել միջազգային հանրության վրա, թե 21-րդ դարում թույլ չեն տա նոր պատերազմ: Նոր փոփոխությունների ուղղությունը առայժմ չի կաողանում ըմբռնել Լարիսա Ալավերդյանը:
Ամեն դեպքում բոլոր բանախոսներն այսօր ուշադրություն են հրավիրում ազգային անվտանգության կարեւորագույն խնդրին. զինվորը այլ կերպ է պայքարում, երբ թիկունքում դատարկ է եւ այլ կերպ` երբ գիտի, որ նահանջելու տեղ չունի, այնտեղ ժողովուրդն է: