Հասարակություն

Շուշոյաների ընտանիքը հայրենիքում հաստատվելու միջոցը գտել է. Սիրիա կվերադառնանք միայն մեր ունեցվածքը վաճառելու

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Պիտի հարմարվենք, մեր երկիրն է, մեր հայրենիքն է»,- այս նշանաբանով են Հայաստանում շուրջ երկու տարի բնակվում Վիկտորիա Շուշոյանի ընտանիքի անդամները: Նրանք Երևան են եկել Հալեպից: Սիրիայում երբևէ չաշխատած կինը Երևանում փորձում է հաստատվել: Համեմունքներ է պատրաստում՝ «բիբարի մածուկ», «բիբարի փոշի» , «զահդար է» պատրաստում և փորձում է վաճառել: Սա նրանց առաջին աշխատանքը չի Երևանում: Շուրջ երկու տարվա ընթացքում նաև չհաջողված բիզնես են ունեցել:
«Յոթ ամիս փորձել ենք սենդվիչներ վաճառել, սակայն, զրուցակցիս խոսքով՝ գործն իրեն «չարդարացուց, էրեբունում էինք աշխատում, այնտեղ եռուզեռ չկար, չհաջողվեցինք»,- պատմում է սիրիահայ տիկինը:

Խանութը փակել են ու հիմա շուրջ մեկ ամիս է, ինչ շաբաթ և կիրակի օրերին Վերնիսաժում արևելյան համեմունքներ են վաճառում: Մնացած օրերին հեռախոսով են պատվերներ ընդունում, անհրաժեշտության դեպքում՝ նաև խորհրդատվություն են տալիս, թե ինչը ինչի հետ պետք է օգտագործել: Հայաստանում ապրելն իհարկե հեշտ չէ, առաջին ամենակարևոր խնդիրն այս ընտանիքի համար էլ ինչպես շատերի, աշխատանք չունենալն է:
«Քու ծննդավայրեն, ուր որ ելնես, պիտի դժվարանաս, տուն որ փոխես, պիտի դժվարանաս, ճիշտ է, որ հայ ենք, բայց մեկ է սովորությունները տարբեր են»,- պատմում է տիկին Շուշոյանը և նշում, որ Սիրիայում «միշտ հայապահպանման մասին կմտածեինք», կարևոր էր , որ հայն այլազգերի հետ չլուծվի, «հոս մի քիչ ավելի հանգիստ ենք էդ առումով, այնտեղ մենք մեր հայերի հետ միայն շփում ունեինք, ուրիշ ազգերի հետ շփում չունեինք, չէինք երթար-գար: Այստեղ այլ է, բոլորը հայեր են»:

Վիկտորիա Շուշոյանը կարծում է, որ իրենց ընտանիքը կմնա Հայաստանում: Սպասում են, թե երբ ամեն ինչ կավարտվի, որ կարողանան Սիրիայի ունեցվածքը վաճառել ու վերջնականապես հաստատվել Հայաստանում:
«Երկրորդ ջարդ մը չենք ուզեր ապրել, մենք որ չը տուժեցինք, մեր թոռները անպայման պիտի տուժեն»,- անկեղծանում է Շուշոյանը և վստահեցնում, որ արաբական աշխարհում ապերլու քաջություն արդեն չունեն:

Back to top button