Հասարակություն

Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակի նվազումը՝գյուղացիների շրջանում խուճապի պատճառ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիրի մարզ

Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, ինչն էլ խուճապ է առաջացրել գյուղացիների շրջանում, եթե հիմա բանջարեղենի մշակությամբ զբաղվեն, արդյոք կստանան այն եկամուտն, ինչն ակնկալում են:  Ներկայում ոռոգման ջրի պակաս չի զգացվում, դա պայմանավորված է նաև վերջին օրերի առատ տեղումներով, սակայն  ամռանը պատկերը փոխվում է, առուները ցամաքում են, լինելու դեպքում էլ գյուղացիների միջև է կռիվ ծագում:

Տարիների փորձը ցույց է տվել, որ ամռան կեսին կամ հողի մշակների  խոսքերով  «պիկ շրջանում» զրկվում են ոռոգման ջրից:  Քարակերտում  պտղատու այգիների ցրտահարության պատճառով գյուղացիների մի մասը  օգտվել է հատկացված սերմերից և  բոստան  է դրել, սակայն  վստահ չեն որ կկարողանան ոռոգումը ժամանակին կազմակերպել: Մանվել Բաղդոյանը համոզված է դրանում, թեև վնասված այգիների տակ բոստանային մշակաբույսերի սերմեր  է ցանել:

Քարակերտի մշակովի հողերը ոռոգվում են Ախուրյանի ջրամբարից «Շենիկ» ջուր օգատագործողների ընկերության միջոցով, համակարգը մասամբ քայաքայված է, հողային հունով ոռոգման պատճառով էլ  կորուստները շատ են:  Միքայել Ալեքսանյանը 6 հա ծիրանի այգին ոռոգելու և կորուստներից խուսափելու  նպատակով գտել է  լուծումը, մայր ջրանցքից  2 կմ մետաղյա փակ խողովակաշար է անցկացրել   մինչև  իր այգին:

Ցրտահարված այգիների վնասի դիմաց գյուղնախարարությունը այգետերերին հատկացրել է բանջարեղենի սերմեր: Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը տեղեկացրեց, որ սերմերը հատկացվել են ըստ մշակության տարածքների շուրջ 32 հա մշակելու նպատակով:

Այգետերերի մի մասը վարձակալել են համագյուղացիների չմշակված հողերը պայմանով, որ աշնանը այդ հողը ցորենով  ցանված  վերադարձնեն տիրոջը:

Ցրտահարության և ոռոգման ջրի սակավության պատճառով շատերը արտագնա աշխաըանքի են մեկնել : Ջրի սակավությունը գյուղացիները պայմանավորում են նաև թուրքական կողմից մի քանի ջրամբարների գոյությամբ, որոնք ջրի մեծ պաշարում են կուտակում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեկ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը հաստատեց, որ Թուրքիայում  Արաքս գետի  վրա  մի քանի ջրամբարներ են կառուցվել, իսկ  որպես ադեկվատ քայլ Հայաստանում նախատեսվել է կառուցել 4 ջրամվբար` Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարա սելավատարի : Մաստարա հեղեղատարը սկիզբ է առնում Արագածի լանջերից  հիմնականում  լցվում է անձրևաջրերով և  Ախուրյանի ջրամբարից բաց թողնված ջրերով:

Ջրամբարների կառուցումն առջևում է, իսկ հիմա ոռոգման ջուրը քարակերտցիներին ժամանակացույցով է մատակարարվում, որպեսզի ամռանը կարողանան որոշակիորեն բավարարեն ջրի պահանջարկը:

Back to top button