ԿարևորՀասարակություն

Հայաստանում կա ավելի քան 3000 սողանքային օջախ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերի հանրապետության տարածքում առատ տեղումների պատճառով արձանագրվել են սողանքային ակտիվացումներ: Դրանց պատճառների և կանխարգելմանն ուղղված միջոցառումներին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է  ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Ենիչյանը: Ըստ նրա՝ Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ, որոնցից առավել վտանգավոր են 131, այդ թվում նաև Երևանում։ 

Մեր երկրում սողանքները վաղուց են առկա, փաստում է ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Ենիչյանը: Առկա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախներից 2500 ուսումնասիրվել է Զարգացման ճապոնական գործակալության հետ համատեղ 2004-2006 թվականներին։

Առատ տեղումների պարագայում բարձրանում է և սողանքային ակտիվացումը, ինչը արձանագրվում է և այս օրերին հանրապետության տարբեր մարզերում: Անցած տարի կառավարության կողմից հաստատվել է սողանքային աղետների կառավարման հայեցակարգը, ըստ որի՝ առկա խնդիրներով պետք է զբաղվեն ինչպես պետական գերատեսչությունները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները: Այս հարցում ևս օգտակար կլինի ճապոնական փորձի կիրառումը՝ հուլիսին մեկնարկող նոր ծրագրի շրջանակներում՝ մինչև 3,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ցավոք՝ սողանքային գոտիների առաջացմանը և ակտիվացմանը նպաստում է մարդկային գործոնը, նկատում է ԱԻՆ ներկայացուցիչը: Մասնավորապես՝ այս տեղանքներում անտառահատումները և առատ ոռոգումը թուլացնում են հողային զանգվածը և նպաստում են սողանքների և սելավների առաջացմանը։ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը սողանքավտանք գոտիներում՝ հնարավոր աղետներից և մարդկային զոհերից խուսափելու համար։

Back to top button