Քաղաքական

Հալեպում օրհասական վիճակ. ինչպե՞ս տարհանել հայությանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երբ Սիրիայում սկսվեց պատերազմն ու տեղի մեծաթիվ հայ համայքին լուրջ վտանգ էր սպառնում` սիրիահայերին օգնելու հարց բարձրացավ, սակայն Հայաստանում շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ իրենց հատուկ զարմացած դեմքով հարցնում էին, թե հասկանո՞ւմ են արդյոք լրագրողները, որ Հայաստանը չի կարող կորցնել Սիրիայի հայկական համայնքը և հայերը պետք է մնան տեղում ու պահպանեն համայնքը։ Այսօր արդեն վիճակն այնքան օրհասական է, որ հայաբնակ գրեթե բոլոր թաղամասերը դատարկ են:

Երկու օր առաջ աղետի գոտի հայտարարվեց նաև Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը։ Ռմբակոծությունների հետևանքով ավերվել են թաղամասի շենքերը, վնասվել են հայ համայնքի կրթական և գործարար կենտրոնները, ճեմարանները, դպրոցները, մանկապարտեզները: Հայերի մի մասը  տեղափոխվել է Հալեպի հարևան շրջաններ, ապաստանել եկեղեցիների նկուղներում, մի մասը տեղափոխվել է Լաթաքիա: Երկու ամիս առաջ էլ տեղահանվեց հայաբնակ Քեսապը:

Ու այսպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկված հայերը այսօր էլ շարունակ գաղթում են մի վայրից մյուսը: Սիրիայում ժամանակին ըստ պաշտոնական տվյալների 70, իսկ իրականում 100- հազարից ավելի համայնքից մնացած ընդամենը 25 հազարն այսօր երազում է հայրենիք հասնել, սակայն դրա հնարավորությունն արդեն չկա։

Ճանապարհը փակ է ու հսկվում է ահաբեկիչների կողմից: Քեսաբահայ գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանն այսօր սիրիահայերին փրկելու հարց է բարձրացնում։ «Օրհասական է վիճակը, նրանք մեղադրում են, որ չեն արձագանքում»,- ասում է։

Հիշեցնեմ, որ երեկ երեկոյան Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել էր Հալեպի Նոր գյուղ թաղամասում տեղի ունեցող ռմբակոծությունները, որոնք   մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ էին դարձել։ Հաղորդագրության մեջ համոզմունք էր հայտնվում, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է։

Ինչևէ՝ Նորավանք գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ արաբական գարնան հետևանքով Մերձավոր Արևելքից  փախստականների թիվը կազմում է  8-ից 10 մլն, զոհերի թիվը՝ 1 մլն: Ռազմական գործողությունների հետևանքով, ըստ վերլուծաբանի, ամենից շատ տուժում են քրիստոնյաները։

Սիրիայում կռվում են և տեղական, եւ Թուրքիայի կանոնավոր զորքեր, և ահաբեկիչներ, և վարձկաններ տարբեր երկրներից, ու  այն, ինչ կատարվում է Սիրիայում, կոչվում է հիբրիդային պատերազմ, ռազմական գործողությունների բնույթը բացատրեց վերլուծաբանը՝ դրան տալով նաև ցեղասպանություն որակումը։

Back to top button