Հասարակություն

Խորհրդային տարիների խորհրդանիշ-շենքի փրկության համար անելու ենք ամեն ինչ.ՄՀՀ ներկայացուցիչ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2-3 ամիս է, ինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դադարեցրել է իր բնականոն գործունեությունը` շենքի վաճառքի հետ կապված խնդիրների եւ հաշիվների սառեցման պատճառով: Կառույցի ներկայացուցիչներն ու փաստաբանները այսօր լրագրողներին հայտնել են իրեն դիրքորոշումը, թե ինչ է այս ամենում արվում տարատեսակ խախտումներով, անօրինական եւ ինչ նպատակներ է հետապնդում: Նաեւ մտավախություն ունեն շենքի ապագայի հետ կապված: Ի դեպ , մարզահամերգային համալիրում վերջին միջոցառումը Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարն էր` մայիսի 24-ին: Բայց դա կառույցի աշխատակազմին ոչ մի օգուտ չի տվել, քանի որ ստանձնած պարտավորության համաձայն` պետական նշանակության միջոցառումներն այդ շենքում անցկացվում են անվճար:

Դատական ակտերի հարկադիր կատարմած ծառայության կողմից Համալիրի շենքը աճուրդի դրվեց հանկարծակի, համենայն դեպս հանրության համար: Ինչու գործը հասավ այս ծայրահեղ քայլի եւ ինչի պատճառով. պարզաբանում է Համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

«ՄՀՀ անպօրինական աճուրդի գործընթացն ուղղորդված է եւ նպատակ է հետապնդում քողարկել ՀՀ կառավարության կողմից Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր ընկերության միջոցով այլ վարկային երաշխիքները մարելու գործարքները: Ակնհայտ երեւում է ձեռքգիր. որոշ ուժեր ակնհայտ հետաքրքրություն ունեն ՄՀՀ այսօր գնելու: Ամեն ինչ կատարվում է շատ քողարկված: Այն դեպքում, երբ մեր ամբողջ գործարքները միշտ եղել են ֆիննախի հետ, իսկ այսօր պետությունը մեզ ասում է աշխատանքները կշարունակեք Պաշտպանության նախարարության հետ»:

Թե Համալիրի գործով փաստաբան Արմինե Հակոբյանը, թե հենց Համալիր ընկերության փաստաբան Մարինե Խաչատրյանը պնդում են. տարբեր հայցերով դատական նիստերում իրենց ստիպել են ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ:

«Հիմնականում բռնագանձման վճռից եւ դատական պրոցեսների հետ կապված որեւէ տեղեկություն ես չեմ կարող տրամադրել, քանի որ դռնփակ պայմաններում է տեղի ունեցել պրոցեսը եւ ես գաղտնիության փաստաթուղթ եմ ստորագրել»:
«Գործը քննվում է ըստ ՄՀՀ հայցի ընդդեմ ֆինանսների նախարարության` գրավի պայմանագիրը դադարած համարելու եւ գույքը արգելանքից հանելու պահանջի մասին: Այդպես էլ գործի նյութերին չեմ ծանոթացել, քանի որ հրաժարվել եմ ստորագրելու գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ չօգտագործելու մասին փաստաթուղթ»:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչպես եւ ինչ չափանիշներով է գնահատվել շենքը աճուրդի համար, փորձել են պարզել, բայց չի ստացվել, ասում է Կորյուն Գրիգորյանը:

«Եթե վաճառքը վերաբերվեր ինչ որ բնակարանի, հեշտությամբ կարելի էր համեմատել: Բայց ՄՀՀ-ի դեպքում հնարավոր չի, նմանատիպ կառույց հանրապետությունում չէ, տարածաշրջանում ընդհանրապես չունենք: Գնահատումը կատարվել է ինչ- որ օֆշորային կազմակերպության կողմից, որի հիմքերը մեզ չեն էլ տրամադրում: Ընդհանրապես մենք տեղյակ չենք, թե ով, ոնց, ինչպես է դա արել»:

Այնինչ, էլեկտրոնային առաջին աճուրդը չի կյացաել գնորդ չլինելու պատճառով եւ այն այսօր դրվել է կրկաճուրդի` համապատասխանաբար գինը իջեցնելով 10 տոկոսով: Այդպես էլ կշարունակվի, մինչեւ հասնեն հարմար գնի, ասում են Համալիրի ներկայացուցիչները: Նրանք, ի դեպ` հատուկ շեշտում են. 2005-ից 2008 թվականները Համալիրում ամբողջովին իրականացվել է 42 միլիոն դոլարի խոստացված ներդրումը: Հիշեցնենք. այն ժամանակ էլ շենքը` որոշ պարտավորություններով տրվել էր «ԲԱՄՕ» ընկերությանը: Այն ժամանակ էլ այս գործարքն էր մեծ աղմուկ բարձրացրել: Հետեւելով Հայաստանի նախկին խորհրդանիշ-շենքերի ճակատագրին, այս մեկի հետ կապված էլ կան որոշ մտավախություններ:

«Մենք ունենք չէ փաստեր: Զվարթնոց օդանավակայանի վիճակը տեսեք, Դվին հյուրանոցը տեսեք, նույն երիտասարդական պալատը: Չորրորդը ՄՀՀ-ն պետք է լինի»:

Կորյուն Գրիգորյանը հավաստիացրեց, որ Համալիրն ունի կուռ աշխատակազմ, որն այսօրվա պայմաններում էլ մեծ սիրով է կատարում աշխատանքները սիրելի շենքի համար: Այնպես որ աշխատակիցները վճռական են. պայքարելու են մինչեւ վերջ` խորհրդային տարիների մշակութային հզորության խորհրդանիշ-շենքի փրկության համար:

Back to top button