Վերլուծական

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն կարող վերսկսվել.վերլուծաբան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ինչով են պայմանավորված վերջին օրերի սահմանային միջադեպերը: Այս հարցի շուրջ մեր գործընկեր Կարեն Ղազարյանը փորձել է ստանալ քաղաքագետների տեսակետները: Նա զրուցել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի եւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին, ինչպես նաեւ Արցախի հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ Ադրբեջանը պարզապես չի ուզում հաշտվել իրողության հետ, որ արդեն գոյություն ունի 2 տասնամյակից ավելի:

Միաժամանակ, Ադրբեջանը լարվածություն ստեղծելով ` փորձում է ավելի մեծ հնչեղություն տալ իր ռազմատենչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, նկատեց վերլուծաբանը: Ադրբեջանը վաղուց է կրկնում, որ ստատուս-քվոն իրեն չի բավարարում եւ Ադրբեջանի լկտի պահվածքը նորություն չէ` իր հերթին նկատեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Վերջին միջադեպն էլ, որ արձանագրվեց Նախիջեւանի հետ սահմանին, ըստ վերլուծաբանի մեկ բան է նշանակում, Ադրբեջանն այլեւս զգում է իր անպատժելիությունը եւ լարվածությունն էլ ավելի կմեծանա:

Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, Հայաստանի դիվանագիտությունը համարժեք պատկերացումներ չունի ժամանակակից աշխարհի գործընթացների վերաբերյալ, որի արդյունքում ճիշտ չեն հաշվարկվում այլ երկրների հետ հարաբերությունները: Քաղաքագետի դիտարկմամբ` այդ ամենի արդյունքում է, որ երկիրը թուլանում է թե ներսում, թե դրսում, իսկ դրան հակառակ` հակառակորդն ուժեղանում է, իսկ պատերազմի վերսկսման վտանգն էլ` մեծանում: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի համոզմամբ, սակայն, լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն կարող վերսկսվել: Նա հիշեցրեց, որ անցած երկու տասնամյակներին բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել:

Back to top button