ԿարևորՀասարակություն

«Դեմ եմ»-ի հերթական ահազանգը. պետական ու մասնավոր շատ կառույցներ հրաժարվում են ընդունել կուտակայինից հրաժարվելու մասին իրենց աշխատակիցների դիմումները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Պետական ու մասնավոր շատ կառույցներ հրաժարվում են ընդունել կուտակային պարտադիր վճարներից հրաժարվելու մասին իրենց աշխատակիցների դիմումները՝ այսօր ահազանգել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Նրանք նշել են, որ բազմաթիվ նամակներ են ստանում տարբեր գերատեսչություններից և այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հրապարակել են թե բարեխիղճ, թե անբարեխիղճ գործատուների անունները՝ առաջիններին որպես օրինակ մատնանշելով, իսկ անբարեխիղճներին ողջամտության կոչ անելով ու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները հիշեցնելով: Նախաձեռնության անդամները նաև տեղեկացրել են. հունիսի 11-ին բողոքի հերթական ակցիան են նախաձեռնում:

Նախ հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մայիսի 15-ին կատարված փոփոխությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործունեությունը դե ֆակտո կասեցվեց. համակարգի մասնակիցներին, մասնավորապես, իրավունք տրվեց գրավոր դիմում ներկայացնել գործատուներին՝ իրենց աշխատավարձերից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Օրենքում ամրագրվեց նաև, որ փոփոխությունը տարածվում է 2014-ի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն օրենսդրական այս փոփոխությունը կիսատ քայլ կամ միջանկյալ լուծում են համարում, բայց մինչ այդ հարցին անդրադառնալը , նախ բուն մտահոգության մասին:

Պարտադիր վճարումներ կատարելուց հրաժարվելու վերաբերյալ օրենքով ամրագրված այս դրույթին գործատուներից շատերը չեն հետևում՝ ահազանգում են նախաձեռնության անդամները: Որպես ապացույց՝ իրենց ուղղված նամակներ են մատնանշում, իսկ նամակներ ստացել են տարբեր հաստատություններից:
«Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից նամակներ են գրում, որ կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ գրողներին ռեկտորը հորդորել է նաև ազատման դիմում գրել: Այս պատկերն է նաև բազմաթիվ դպրոցներում, կրթական, բժշկական և այլ պետական հաստատութուններում: Նմանատիպ դիմումներ ենք ստացվել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, «Գրանդ Տոբակո» ընկերությունից, «Նորք Մարաշ բժշկական կենտրոնից» և այլ հիմնարկներից»:

Նախաձեռնության անդամներից Սրբուհի Ղազարյանի խոսքով ՝ սա օրենքի կատատարումից հրաժարվող հաստատությունների ամբողջական ցանկը չէ: Դրանում նաև բազմաթիվ այլ հաստատություններ են, դպրոցներ, նաև նախարարություններ: Բայց կան նաև հակառակ օրինակները. դրանք որպես բարեխիղճ գործատուներ են ներկայացվում .«Մասնավորապես կրթական ոլորտից ՝ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը,. Վանաձորի թիվ 7, Երևանի թիվ 182, 27, 50 դպրոցները, բուհական համակարգից ԵՊՀ-ն, Սլավոնական համալսարանը, ինչպես նաև Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանը, Հայփոստը»:

Նախաձեռնության անդամները նշում են, որ անուղղակի ճնշումների մասին նույնպես ահազանգեր են ստանում, տեղեկանում են նաև փաստերի մասին, երբ մարդկանց փորձում են մոլորեցնել՝ ասելով, թե մեկ է՝ պարտադիր կուտակայինից ազատվելու են միայն երկու ամսով և հետո ստիպված են լինելու նորից վճարել:
Ի դեպ, նախաձեռնության այն անդամներն, ովքեր մասնակցում էին ասուլիսին, վստահեցրին, որ իրենք անձամբ իրենց աշխատատեղերում խնդիրներ չունեն. գրել են դիմումներն ու հրաժարվել պարտադիր վճարումներ կատարելուց: Բայց այս փուլում պայքարում են ի պաշտպանություն այն քաղաքացիների, ովքեր նույնն անելու հարցում դժվարության են հանդիպել: Հենց այս նպատակով բողոքի հերթական ակցիան են նախատեսում. հունիսի 11-ին, ժամը 19-ին, թերևս Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկող երթի միջոցով: Թե ինչի համար և ինչպես , նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանն է մանրամասնում:

«Մենք այս իրավիճակը կանխատեսում էինք, սա հետևանք է կիսատ-պռատ օրենսդրական լուծման: Իսկ մեր ակցիան պատասխան արձագանք է ստեղծված իրավիճակին: Իմ գործատուն, ի պատիվ իրեն, դիմումները ոչ միայն ընդունում է, այլև ինքն է ձևաթուղթը մշակել ու ուղղարկել իր աշխատողներին: Բայց ես գիտեմ, որ բոլոր հիմնարկություններում այս նույն վիճակը չէ: Ես ինքս, օրինակ, ակցիային մասնակցելու եմ մեր մյուս քաղաքացիների մեջքին կանգնելու համար»:

Հայտնի է, որ կուտակայինի հարցով ՍԴ որոշումից բխող օերնսդարական փաթեթի մշակման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: «Դեմ եմ»-ի անդամներն այսօր տեղեկացրին, որ մշակում են այն հիմնական սկզբունքերը, որոնք ընդունելի կլինեն շարժման համար: Դրանք առաւիկայում կհրապարակվեն, բայց մեխը, ինչպես ընդգծում են, կամավորության սկզբուքն է ու պարտադիրի բացառումը:

Back to top button