Մշակույթ

«Ամեն նոտայի նվիրում եմ հոգիս». երիտասարդ դաշնակահարուհու երեւանյան մենահամերգը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահարուհի Նարա Ավետիսյանի հերթական մենահամերգը: Երիտասարդ դաշնակահարուհու համերգն անցել է ջերմ մթնոլորտում, որից հետո շնորհավորանքները պարզապես չէին դադարում: Մենահամերգին հնչել են Մոցարտի, Լիստի, Գրանադոսի և Շումանի ստեղծագործություններից: Նարա Ավետիսյանը ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանի թոռնուհին է, սակայն ճանաչվել և սիրվել է բացառապես իր տաղանդի շնորհիվ: Համերրգին կարելի էր տեսնել բազմաթիվ հայտնի մարդկանց, արվեստագետների: Համերգը դիտել և Նարա Ավետիսյանին շնորհավորել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Դաշնակահարուհի Նարա Ավետիսյանի արվեստագետ դառնալու ապագան կանխորոշված էր դեռ մանկուց: Պատճառը ոչ այնքան արվեստագետների ընտանիքում ծնվելն ու դասիարակվելն էր, որքան դաշնակահարուհու բնածին տաղանդը: 22 տարեկան դաշնակահարուհին արդեն հասցրել է դառնալ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, իսկ առաջին մրցանակին արժանացել է, երբ դեռ ընդամենը 7 տարեկան էր:

Երաժշտական կրթությունն ստացել է նախ Սպենդիարյանի և Չայկովսկու անվան դպրոցոներւմ, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2011-ից Նարա Ավետիսյանը սովորում է ԱՄՆ-ում՝ Քլիվլենդի երաժշտական ինստիտուտում: Վերջին մրցանակն էլ ստացել է հենց այս կրթօջախի կողմից: Երիտասարդ դաշնակահարուհին այժմ Հայաստանում է և երեկ էլ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ նրա հերթական մենահամերգը:

Մենահամերգով հանդես գալը նրա համար այս տարիների ընթացքում դարձել է շատ սովորական, բայց երեկվա համերգին պատրաստվելիս փոքր ինչ հուզվում էր: «Հայաստանում միշտ ավելի պատասխանատու եմ զգում նվագելուց, որովհետև իմ աճը հետևում են սկսած փոքր տարիքից: Դրա համար մի քիչ ավելի շատ է հուզմունքս, քան այլ երկրներում: Առաջին մենահամերգս Կամերային երաժշտության տանն էր: 7 տարեկան էի»,- պատմում։

Նվագելիս Նարան ապրում է այդ երաժշտությունը, և այդ զգացողությունը փոխանցվում է նաև ունկնդրին։ «Ամեն նոտայի հետ ես ապրում եմ և ամեն նոտայի ես նվիրում եմ իմ հոգին: Եվ դա է իմ նպատակը, որովհետև, երբ ես ապրում եմ դրանով, պարզ է, որ դա փոխանցվում է նաև ունկնդրին»։

Համերգից հետո ծափահարություններն ու շնորհավորանքները չէին դադարում: Եվ դա արդեն վկայում է դաշնակահարուհու մեծ հաջողության մասին: Նարայի ամենաուշադիր ունկնդիրը, սակայն, մայր էր, ով այս բոլոր տարիների ընթացքում է հետևել դստեր զարգացմանն ու հաջողություններին: Դա է պատճառը, որ համերգին Նարայից ոչ պակաս հուզված էր նաև տիկին Ռուզաննան։ «Խառը զգացմունքներ են, եւ հպարտություն, և ուրախություն: Տեսնում եմ, որ աշխատանքը ջուրը չի ընկել և ուղին ճիշտ է ընտրված: Իսկ ամենաուրախալի փաստը, որի ինձ թվում է, սա դեռ սկիզբն է»։

Նարայի մենահամերգին կարելի էր տեսնել բազմաթիվ ճանաչված արվեստագետների, ովքեր չէին էլ թաքցնում իրենց հիացմունքը: Համերգը դիտելու և երիտասարդ դաշնակահարուհուն շնորհավորելու էր եկել նաև հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Back to top button