Մշակույթ

Տպագրվել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը՝ հեղինակի ձեռագիր բնագրով

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Խաչատուր Աբովյանի 200-ամյակը մեծանուն գրողի անվան տուն-թանգարանն նշանավորում է «Վերք Հայաստանի» վեպի յուրահատուկ տպագրությամբ: Նոր գիրքը ներառելու է նաև վեպի բնագիրը` հենց Խաչատուր Աբովյանի ձեռագրով: Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի նպատակն է գրողի ժառանգությունը դարձնել իր ժողովրդի սեփականություն: Մինչև այսօր տպագրվել է գրեթե 10 ժողովածու, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հետազոտողների, պատմաբանների ու բանասերների հոդվածներով:

Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենի երազանքն ի կատար ածվեց: Արդեն ընթերցողի սեղանին է դրվել Աբովյանի « Վերք Հայաստանի» վեպը հենց հեղինակի ձեռագիր բնագրով: «Վերք Հայաստանի» առաջին հրատարակությունը եղել է 1840 թվականին, այնուհետև տպագրվել է Թբիլիսիում Խաչատուր Աբովյանի աշակերտի Գևորգ Աքիլյանի միջոցներով: Իսկ հետո արդեն Խորհրդային Հայաստանում տպագրվել 1948 թվականին, երբ այդ տարիներին մոռացության էին մատնվում ազգային մտածողության հետ կապված գործիչները: Գրքի առաջբանի հեղինակը ԵՊՀ հայոց գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանն է: Գրքում ներկայացված ձեռագրերն թանգարանային արժեքներ են, ասում է թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

«Երեկ հանրապետության նախագահին ենք ուղղել մի գրություն, որի տակ ստորագրել են 10 դոկտոր-պրոֆեսորներ ԵՊՀ բանասիրական և պատմության ֆակուլտետներից, որ ստեղծվել է պատմական արժեք: Այն պետք է ոչ միայն գնահատել, այլ պետք է ստեղծողներին հնարավորություն տալ տպագրել նաև գրքի գունավոր տարբերակը»:

Գիրքը տպագրվել է 6 լեզուներով` ռուսերեն, լատվերեն, լիտվերեն, ուկրաիներեն, էստոներեն և գերմաներեն: « Վերք Հայաստանի» վեպում նկարագրված չեն միայն ռազմական գործողություններն ու Աղասու գովերքը, այլև ազգային գաղափարախոսության սաղմերն են, ասում է թանգարանի տնօրենը:

Գրքի հրատարակության փոխտնօրեն Նունե Սամվելյանը «Վերք Հայաստանի» գրքի տեխնիկական մասի վրա աշխատել է 6 ամիս: Խոստովանում է` ծանր ու ժամանակատար աշխատանքներ են եղել, սակայն կարողացել են հաղթահարել:

Գիրք կազմողները երկարատև աշխատանքից չեն դժգոհում, իրենց ձևակերպմամբ, մեծ պարտք են կատարել, ինչն էլ կգնահատվի ընթերցող հասարակության կողմից: Արդեն պատրաստ է գրքի ձեռագրերի գունավոր տարբերակը, մնում է գտնել հովանավորներ և այն ևս կյանքի կոչել, նշում է Նունե Սամվելյանը: «Վերք Հայաստանի» բնագրերով տպագրված գրքի ինքնարժեքը 12 հազար դրամ է, սակայն թանգարանի տնօրենը կարծում է, որ այսօր այդքան գումարով ոչ մի ընթերցող չի գնի գիրք, միակ հույսը, որ գիրքը ձեռք բերեն համալսարանների գրադարաններն ու պատգամավորները, կամ էլ Գիտության կոմիտեի հետ որոշեն գրքի վաճաքռի գինը: Թանգարանի հաջորդ հրատարակությունը կլինի Հովհաննես Զատիկյանի հեղինակած «Հայկական հարցը» գիրքը: Իսկ այնուհետև թանգարանը ձեռնամուխ կլինի տպագրել աբովյանագիտության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցող մեկ այլ գրքի` «Նախնիները և ժառանգները» տպագրությանը:

Back to top button