ՊՆ ՀԽ հովանում ներքո գործող հանձնաժողով դիմումների քանակը ավելացել է


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հունիսի 10-ին մեկնարկում է ամառային զինակոչը, որի անցկացման ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ 18-ամյա Գևորգ Գրիգորյանը զորակոչվելու է բանակ: Նման որոշում է կայացրել տարածքային զինկոմիսարիատը: Այդ որոշումը տղայի ծնողները բողոքարկել են այս հանձնաժողով՝ պնդելով, որ իրենց որդին ունի տեսողության հետ կապված խնդիրներ: Թեև զորակոչիկը իրավունք ունի անվճար բուժօգնության, այնուամենայնիվ ծնողները չեն դիմել բժիշկներին՝ ասելով, որ բուժման համար գումար չունեն:
Քննարկելով բողոքը՝ հանձնաժողովոը որևէ հիմք չտեսավ զինկոմիսարիատի որոշման վերանայելու, կամ լրացուցիչ բուժզննման ուղղարկելու: Տղայի մոր արձագանքը բավականին բուռն էր: Նա սպառնաց որդուն չթողնել բանակ։ Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նկատեց, որ ծնողը կանխապես արդեն որոշել էր, որ որդին ենթակա չէ ծառայության և պիտի չծառայի բանակում:
Ամառային զորկոչին ընդառաջ հանձնաժողովում ստացված դիմում-բողոքների թիվը արդեն գերազանցել է 40- ը, հայտնեց Գեղամ Հարությունյանը։ Զորակոչային բողոքարկման այս հանձնաժողովը ձևավորվում է 2009 թվականի աշնանային զորակոչից սկսած: Անցյալ բոլոր զորակոչերի ընթացքում ստացվել էր 885 բողոք: Զորակոչից զորակոչ ստացվող դիմումների քանակը ավելանում է, ինչը վկայում է հանձնաժողովի նկատմամբ ցուցաբերվող հասարակական վստահության մասին, նշեց նախարարի խորհրդականը:
Անցյալ զորակոչին կիրառված վիճակահանության փորձը կկիրառվի և այս անգամ, արդեն ծնողների մասնակցությամբ։ Ըստ Գեղամ Հարությունյանի՝ բողոքների ճնշող մեծամասնությունը վերաբերվում է զորակոչիկների առողջական տարատեսակ խնդիրներին, որոնք ուշադրության և բուժման կարիք ունեն։
Այսօրվա նիստում քննարկված դիմումներից մյուսը վերաբերվում էր երևանցի 18-ամյա Գոռ Օհանյանին, ում եղբայրը արդեն ծառայում է բանակում: Այս զորակոչիկը առողջական խնդիր ուներ երիկամի հետ կապված: Քննարկելով ծնողի բողոքը՝ հանձնաժողովը որոշեց միջնորդել կրկնակի բուժզննության անցկացմնել։