Հասարակություն

Պատերազմող Սիրիան եւ հալեպահայ կիսված ընտանիքների ճակատագիրը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սիրիայում նախագահական ընտրապայքարում հաղթեց Բաշար Ասադը: Գործող նախագահի օգտին քվեարկել են ընտրողների 88.7 տոկոսը: Տվյալները ներկայացրել է հունիսի 4-ին խորհրդարանի նախագահ Մուհամեդ Ալյահամը: Իր հերթին Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մաջիդ Հադրան հայտարարել է, որ ընտրություններում մասնակցությունը կազմել է 73.42 տոկոս: Անկախ ընտրություններից՝ ռմբակուծությունները Հալեպում շարունակվում է, վիճակը տագնապալի է։ «Ռադիոլուրին» հաջողվել է կապ հաստատել Հալեպում բնակվող Մարինա Բեբեջյանի հետ, ով բախտի բերմամբ ռմբակոծությունից երկու օր առաջ ընտանիքով տեղափոխվել է Նոր գյուղ թաղամասից։

Ահ ու դողով, վախը սրտում, ամեն օրվա համար գոհանալով է բնակվում հայաշատ Հալեպում Մարինա Բեբեջյանը: Նա իր 9-ից 12 տարեկան 3 երեխաների, ամուսնու և սկեսրայրի հետ մնացել է Հալեպում ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, բախտի բերմամբ երկու օր առաջ Նոր գյուղից տեղափոխվել է հարևան թաղամաս: Այսօր արդեն
Նոր գյուղ թաղամասի վրա շարունակական ռմբակոծությունների հետևանքով շրջանը այլևս հայտարարվել է աղետի գոտի:

Ավերվել են թաղամասի շենքերը, վնասվել են հայ համայնքի կրթական և գործարար կենտրոնները, ճեմարանները, դպրոցները, մանկապարտեզները: Բնակիչները տեղափոխվել են Հալեպի հարևան շրջաններ, ապաստանել Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկուղում, մի մասը տեղափոխվել է դեպի Լաթաքիա: Մեր հայրենակից Մարինա Բեբեջյանի ընտանիքը, մնացել է Հալեպում։

Դժվարությամբ հեռախոսակապ հաստատեցինք նրա հետ։ Մարինա Բեբեջյանը ահը սրտում սպասում է, թե երբ կբացվի ճանապարհը, որպեսզի կարողանա դուրս բերել ընտանիքը կրակի ճիրաններից: Հեռախոսազրույցում նա ասաց, որ Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ճանապարհները կրկին փակվել են ու Հալեպից դուրս գալու հնարավորությունները կրկին նվազել։

Ճանապարհը կարճ ժամանակով բացվելու դեպքում անգամ հեռու գնալ չի հաջողվում, հռթիռակոծությունը թույլ չի տալիս տեղաշարժվել: «Ուտելու հաց ունենք, եկեղեցին օգնում է սննդի հարցում»,- ասաց սիրիահայ մեր հայրենակիցը։

Հայերիքից բացի ուրիշ այլ վայր տեղափոխվելու մասին Մարինա Բեբեջյանը չի մտածում, քանի որ անվերջ թվացող տեղահանումները թույլ չեն տալիս մտածել աշխարհի որևէ այլ երկրի փոխադրվելու մասին: Նա երազում է գալ հայրենիք ու հասնել իր հարազատներին, ովքեր մեկ տարվա ընթացքում կարողացել են ռիսկի դիմել ու հասնել Երևան:

Կիսված ընտանիքն էլ հայրենիքում հանգիստ չէ, մտածում են կրակի ճիրաններում մնացած հարազատների մասին: Թալին Մարգարյանը Մարինայի ամուսնու քույրն է, ով «Ռադիոլուրին» պատմեց թե ինչպես են կարողացել հասնել Երևան։ Թալինը Հալեպից Երևան է տեղափոխվել մեկ տարի առաջ, եկել էր, որպեսզի տուն գտնի, որ ընտանիքն էլ կարողանա տեղափոխվել, սակայն իր գալուց հետո ճանապարհները փակվել են ու հարազատները մնացել են Հալեպում։ Մեծ դժվարությամբ, ռիսկի դիմելով, նաև տարեց մորն ու հորաքրոջն է հաջողվել հասցնել հայրենիք։

Թալինը Հալեպի օդանավակայանում փոխտնօրեն է աշխատել, Երևանում, սակայն, խոհարարությամբ է զբաղվում, առողջական խնդիրների պատճառով վերջին ամիսներին չի կարողացել աշխատել։

Այս ընտանիքի թե Հալեպում կրակի վտանգի տակ ապրող, թե Երևան տեղափոխված անդամները հույսով լի ապրում են ու սպասում, որ Հալեպում վիճակը կհանդարտվի ու ընտանիքը կրկին միավորվի ու ամբողջական կդառնա։

 

Back to top button