Հասարակություն

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է. «Ռադիոլուր»-ի լրագրողը շնորհակալագիր է ստացել

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը: Այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը բևեռելու բնապահպանական խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար:
Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Բնապահպանությունը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և վերածվի Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:
Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այսօր մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք:Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու սուրբ գործի համար»,-ասված է Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձում:

Տեղեկացնենք, որ «Ռադիոլուր»-ի մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանը «Բնապահպանի օրը» նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ոլորտի խնդիրները օպերատիվ ու անաչառ լուսաբանման համար:

Back to top button