ՀԱԿ-ն այսուհետ ՍԴ բարեփոխումների որեւէ բովանդակային քննարկման չի մասնակցելու


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին նվիրված հերթական քննարկումն է տեղի ունեցել` քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ: Միջոցառումը նախաձեռնել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ:
Կազմակերպված քննարկումը կարեւոր է հատկապես հանձնաժողովի համար` արձանագրում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Մանրակրկիտ հիմնավորելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը` Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ բազմաթիվ հարցերի հստակեցումներով հնարավոր կլինի սահմանադրությամբ երաշխավորել մարդու իրավունքների լիակատար իրացումը: Քննարկմանը մասնակից կուսակցություններից ոչ բոլորն են, սակայն, համակարծիք հիմնավորումների հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, համոզմունք հայտնեց, որ շատ խնդիրներ պարզապես պայմանավորված են ոչ թե Սահմանադրությամբ, այլ` դրանում ամրագրված նորմերի կիրառման, կյանքի կոչելու պատրաստակամության բացակայությամբ, ասել է թե` քաղաքական կամքի բացակայությամբ:
Խորհրդարանական ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, փոխանցելով իրենց դիրքորոշումը, կարծիք հայտնեց, որ Հայաստանին Սահմանադրական բարեփոխումներ պետք չեն:
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի համոզմամբ` բարեփոխումների հիմքում զուտ իշխող կուսակցության եւ իշխանություն պահելու խնդիր է լուծվում: Բացի այդ, Մանուկյանի ձեւակերպմամբ, սահմանադրական ներկայիս բարեփոխումները նաեւ հասարակության ու քաղաքական ուժերին հիմնական խնդիրներից շեղելու միջոց են: ՀԱԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ իրենց ներկայությունը տվյալ քննարկմանը պայմանավորված էր զուտ եվրոպական կառույցների հայաստանյան գրասենյակներից ստացված հրավերքներով, ապա հայտարարեց, որ այսուհետ սահմանադրական բարեփոխումների որեւէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու:
Նույնպիսի մոտեցման մասին բարձրաձայնեց Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հնչեցրած դիտարկմանը, որ ժողովուրդը պետք է լինի սահմանադրական բարեփոխումների դիրիժորը` ժառանգության ներկայացուցիչը այսպիսի համոզմունք հայնտեց.«Ժողովուրդը բացարձակ հետաքրքրված չէ»:
Ի տարբերություն ՀԱԿ-ի եւ Ժառանգության` դաշնակցությունը քննարկումներին մասնակցում է, սակայն, ինչպես ձեւակերպեց ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, բոլոր խնդիրներն իրենք պայմանավորում են կառավարման ձեւի խնդրով: Դաշնակցությունը գտնում է, որ եթե սահմանադրական փոփոխությունների ամբողջ հայեցակարգը չկառուցվի կառավարման ձեւի փոփոխության վրա, ապա, դաշնակցական գործչի ձեւակերպմամբ, հասարակության մեջ գերիշխող կշարունակի մնալ իրավական նիհիլիզմը: