ԿարևորՏնտեսական

Էլեկտրաէներգիան կթանկանա 10 տոկոսով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրային ծառայությունները կարգավսրող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ է կատարել Հայաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ոլորտում և պարզել, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է առաջարկել՝ 3,8-4,3 դրամի սահմաններում, կամ որ ավելի հստակ է՝ տասը տոկոսով: Վերջին շրջանում մամուլում նաև հրապարակումներ են հայտնվել, որտեղ նշվում է, որ Հայաստանը սահմանին բարձր գին է վճարում նաև գազի համար:

Հերթական գնաճի կանխատեսումները Հայաստանյան շուկայում: Այս անգամ քննարկման առարկան շուրջ մեկ տարի առաջ թանկացած էլեկտրաէներգիան է:
Երեկ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովն իր կայքէջում հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վկայակոչելով օրենսդրությանը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում, կամ, որ ավելի հստակ է՝ ներկայիս գորոծող գնի շուրջ տասը տոկոսի բարձրացում է կանխատեսվում:

Հիշեցնենք, շուրջ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիան մեր երկրում 27 տոկոսով արդեն թանկացել էր: Տնտեսագետ, փորձագետ Աշոտ Եղիազարյանը սակագների փոփոխության մի քանի պատճառներ է մատնանշում: Նախ, նրա կարծիքով, համակարգը լուրջ խնդիրներ ունի: Բացի այդ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր ընկերություն: ռուսական էներգետիկա ոլորտն այսօր արդեն լուրջ հիմնախնդիրների առջև է կանգնած՝ պայմանավորված միջազգային պատժամիջոցներով, որոնք տնտեսագետի խոսքով՝ կխստանան:

Սա իր բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա: Տնտեսագետ, փորձագետ Աշոտ Եղիազարյան.«Հիմնախնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության իրեն զրկել է այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ՝ Իրանի հետ կապված»:

Նշենք, որ դեռ ապրիլին ՀԷՑ-ի էկոնոմիկյաի գծով փոխտնօրենը հայտարարել էր, որ 2 տարվա ընթացքում ընկերությունը մոտ 60 մլն դոլարի վնաս է կուտակել: Աշոտ Եղիազարյանը չի բացառում՝ գուցե էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնի Հայաստանը: Տնտեսագետ, փորձագետի սոցիալական ոլորտի կանխատեսումները նույնպես մխիթարական չեն.«Մենք գործ կունենանք և շարունակաբար ունենում ենք էներգետիկ աղքատության խնդրի հետ»:

Նշենք, որ ՀԾԿՀ պատրաստ է լսել բոլոր առաջարկություններն ուահագրգիռ կողմերին ներկայացնել նաև իրականցված հաշվարկները: « Բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ»: Նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ [email protected]:

Մամուլի հրապարարկումների համաձայն, Գազպրոմ Արմենիա ընկերությունն արդեն սահմանին բարձր գին է վճարում նաև մեկ խորանարդ մետր գազի դիմաց: Ընկերությունից սակայն, վստահեցրել են, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Տնտեսագետ, փորձագետ Աշոտ Եղիազարյանը հիշեցնում է, որ հուլիսին ՌԴ-ում 4,2տոկոսով բարձրանալու է գազի սակագինը:
«Այս տարի բազիսային գնի փոփոխություն չի նախատեսվում, բայց մյուս տարի ակնկալվում է: Կարող ենք հաստատ ասել, որ հաջորդ տարի բարձրացում կլինի 186-ի հետ կապված: Թե ինչպիսիսն կլինի սպառողների համար, դա արդեն Գազպրոմ Արմենիա ընկերության քաղաքականությունն է»:

Հիշեցնենք, որ մեր երկրում գազի սակագինը բարձրացավ նախորդ տարվա հուլիսին: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինն այժմ 156 հազար դրամ՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն: Պետությունը սուբսիդավորում է անապահով ընտանիքներին: Նրանք մեկ ԽՄ գազի համար վճարում են 100 դրամ, 56 դրամն էլ վճարում է պետությունը:

Back to top button