Երեւանը կունենա գեղասահքի նոր դպրոց


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահի մասնակցությամբ մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 27 / 8 հասցեում այսօր տեղի է ունեցել Երևանի նոր գեղասահքի դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր անմիջական և ակտիվ մասնակցությունն է ունեցել օլիմպիական եռակի չեմպիոն , աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի հասարակական, պետական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին:
Հայկական գեղասահքի պատմության մեջ այս օրը լիիրավ կերպով կարելի է որակել պատմական. մինչև 2015 թվականի ավարտը Երևանը կունենա գեղասահքի նոր դպրոց, որի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հանրապետության նախագահի մասնակցութամբ: Միջոցառմանը ներկա էր նաև օլիմպիական եռակի , աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով անմիջական մասնակցություն է ունեցել այս գաղափարի իրագործմանը. «Այսօր յուրահատուկ տոն է: Դեռ այն տարիներին, երբ ես պարապում էի և ունենում ելույթներ, Հայաստանից եկած մարզիկներից հաճախ էի լսում, որ այստեղ սահադաշտ չկա, մարզվելու հնարավորություն՝ նույնպես: Այդ պտաճառով նրանք պարապմունքներն անցկացնում էին Մոսկվայում և այլ քաղաքներում: Տասնամյակներ անց նրանց երազանքն այսօր իրականություն է դառնում: Ես համոզված եմ հայ երեխաների տաղանդն ու աշխատասիորւթյունը շատ արագ կտան իրենց արդյունքը»:
Իրինա Ռոդնիան իր պատրաստակամությունն է հայտնում մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը: Նոր մարզադպրոցի շնորհիվ հայկակական գեղասահքի լուրջ թռիչքներ են խոստանում Երևանի գեղասահքի դպրոցի սաներն ու մանկավարժները, ովքեր վերջապես հնարավորություն կունենան պարապել պատշաճ պայմաններում:
Դպրոցը կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը «ՄոնԱրխ» ընկերությանը տրամդրել է 1 հեկտար հողատարածք մայրաքաղաքի նոր հեծանվահրապարակի հարևանությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի բնորոշմաբ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ լավ օրիանակ է, իսկ մարզադպրոցը, քաղաքապետի համոզմամբ, հայկական գեղասահքի զարգացման համար, անկասկած, բեկումնային նշանակություն կունենա:
Մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 27 / 8 հասցեում գեղասահքի նոր դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի 5 միլիոն ԱՄՆ դոլլար: