Տնտեսական

Դրոշմապիտակավորման օրենքով նոր թանկացումներն անխուսափելի են

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի խորհրդարանն առայժմ առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որը օրենքի վերածվելու դեպքում, հնարավոր է հանգեցնի նոր թանկացումների: Խոսքը մի շարք ապրանքատեսակների պարտադիր դրոշմապիտակավորման պահանջի մասին է: Նախագիծը նախատեսում է բոլոր փաթեթավորված, տարայավորված ապրանքների վրա դրոշմապիտակներ փակցնել: Նմանատիպ մի որոշում ընդունվել էր նաեւ 2013-ին, երբ պարտադիր դրոշմապիտակավորման ցանկում ընդգրկվեց 5 ապրանքատեսակ: Նոր առաջարկվող ցանկում ընմդգրկվել են ավելի լայն ապրանքներ: Կառավարությունը պնդում է, որ այս քայլը ստվերի դեմ պայքարի բաղկացուցիչ մասն է:

Արդյո՞ք նոր թանկացումների կհանգեցնի նախապատրաստվող օրենքը, համաձայն որի պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն կաթնեղենը, ձկնեղենը, մսեղենի որոշ տեսակնին, բազմապիսի պահածոները, թեյատեսակները, սուրճը, ձեթը, քացախը, պաղպաղակը, կոսմետիկ միջոցները, օճառը եւ այլ ապրանքատեսակները: ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հնարավոր թանկացումների հավանականությունը չի բացառում:
«Պարզ է, եթե ստվերային շրջանառություններ են կրճատվում եւ ստվերային շրջանառությունների կրճատման արդյունքում բիզնեսը իրական հարկերն է վճարում, ապա եթե բիզնեսը չի հրաշարվում շահույթի կամ միգուցե գերշահույթի որոշակի մասից, ապա տեսականորեն հնարավոր է արժեքի բարձրացում տեղի ունենալ: Բայց արդեն իսկ 5 ապրանքատեսակների մասով պիտակավորման համակարգը ցույց տվեց, որ դրանք արժեքների էական բարձրացում տեղի չունեցավ»:

Վախթանգ Միրումյանի նշած 5 ապրանքատեսակների մասով դրոշմապիտակավորման համակարգը վերաբերում է դեռեւս 2013-ին ընդունված որոշմանը: Այդ ժամանակ պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա համարվեցին ջուրը, հանքային ջուրը, հյութերը, գարեջուրը, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչքը: Արդեն ունեցած փորձով պաշտոնյան նշում է. «Պիտակավորման ենթակա ապրանքների հայտարարագրվող ծավալները աճել են ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ աճել են 130-ից մինչեւ 260 տոկոսով»: Այս անգամ էլ ակնկալիքները մեծ են:

«Անպայմանորեն ազդեցությունը դրական է լինելու պետական բյուջեի եկամուտների վրա եւ դրակյան է լինելու ոչ մակերեսային: Մենք էական ակնկալիքներ ունենք»:
Չնայած, այսպես ասած, <բարի նպատակներին>, նախագծի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց մի մասը հնչեցնում է պատգամավոր Լեւոն Դոխոլյանը:
«Արտագաղթի մեծ տեմպեր գրանցող պետությանը որքանով է նպատակահարմար իրականացնել նմանատիպ ծրագիր, այն էլ արտհերթ ընթացակարգով»:
Նշված ոչ մի մտահոգությունը չի կիասում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` հաստատելով կառավարության վճռականությունը:
«Հիմա Կառավարությունը որոշե է, որ ստվերի դեմ պայքարի ուղիներից մեկը նաեւ դա է: Չեմ կարծում, որ կունենան լուրջ պրոբլեմներ»:
Ավելացմեմ, որ կառավարությունը նախատեսել է օրենքը ուժի մեջ դնել այն ընդունելուց եւ հրապարակելուց 3 ամիս հետո: Բացի դրանից էլ գործընթացը տեւելու է փուլ առ փուլ: Այնպես որ է բոլոր փաթեթավորված եւ տարայավորված ապրանքների վրա դրոշմապիտակներ փակցնելու պարտադիր գործընթացի վերջնական վերջնաժամկետը սահմանված է 2016 թվականի մարտի 31:

Back to top button