Ֆոբիաներ. քաղաքագետը բնութագրում է Ասատանյում տեղի ունեցածի արձագանքները


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
«Հայկական քաղաքական եւ հասարակական դաշտերին բնորոշ է նյարդայնությունը եւ տարբեր ֆոբիաները»,- քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսպես է բացատրում ցանկացած միջազգային իրադարձությունից հետո Հայաստանում տեղի ունեցող քննարումներն ու քննադատությունները: Քաղաքագետի համոզմամբ՝ Աստանայում ոչ մի մտահոգիչ բան չի եղել, պարզապես նշված «ֆոբիաներն» են։ «Ֆեյսբուքու» եւ մամուլում վերջին օրերին տարածում գտած քննադատությունների պատճառը: Սակայն, որոշ սխալ քայլեր ՀՀ վերնախավում ամեն դեպքում եղել են, ասում է քաղաքագետը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր հերթին Եվրասիական տնտեսական միության մեջ տեսնում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ամեն դեպքում՝ նշում է, որ համաշխարհային տնտեսական միտումները հուշում են. Հայաստանն իր տնտեսական վեկտորը պետք է ուղի դեպի ասիական տարածաշրջան:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր քննադատեց ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի աշխատանքը` Աստանայից հետո հնչեցրած պարզաբանումների համար: Հիշեցնենք, որ Աստանայի հանդիպումից առաջ Հայաստանի քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ վստահեցնում էին. «Ղարաբաղով ենք մտնելու» Եվրասիական միություն: Աստանայից հետո ՀՀ նախագահը Ղազախստանի նախագահին պատասխանելով նշեց. «Իսկ ո՞վ էր ասում, որ Ղարաբաղով ենք մտնելու։
«Ռեակցիան չափազանց նյարդային էր: Միգուցե՝ այն մարդիկ, ովքեր խորհուրդ էին տվել նախագահին, դա այն օրինակն էր, որ միգուցե մամուլի ծառայությունը նախագահի հետ պետք է մի քիչ այլ ձեւով աշխատեր եւ գոնե այդ նախադասությունը խմբագրեր»,- ասում է Սերգեյ Մինասյանը։
Քաղաքագետի պնդմամբ` Աստանայի ֆորումի ժամանակ Նազարբաեւի հայտարարությունն իրականում չէր վերաբերում Ղարաբաղին, այն Հայաստանի սահմանների մասին էր։ Ամեն դեպքում՝ Հայաստանը մոտենում է ֆինիշային կետին, ասում է Մինասյանը` ժամկետների առումով նշելով երկու տարբերակ. հայտարարված ժամկետ` մինչեւ հուլիսի 1-ը պաշտոնապես կլինի Հայաստանի անդամակցումը կամ սցենարի վատագույն դեպքում, եթե չլինի ֆորսմաժորային տարածաշրջանային իրավիճակ, 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կմասնակցի այդ տնտեսական, բայց քաղաքական իմաստով միավորման աշխատանքին:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նոր ստեղծվող միավորման դրական տնտեսական հեռանկարները ներկայացնելուց առաջ նախ գերադասեց անդրադառնալ միավորման հնարավոր ընդլայնմանը։ «Եթե այդ նույն միությանը խոսվում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլ պետությունների անդամակցության մասին, այսինքն` դառնում է պետությունների շարք, որոնք գործընկեր են կոնկրետ Ղազախստանի հետ, ապա գալու է մի իրավիճակ, երբ անդամակցության ժամանակ տվյալ երկրների քանակը ավելանա միության շրջանակներում, քվեարկությունների ընթացքում ցանկացած հարց մահմեդական երկրները կարողանալու են իրենց շահերը պաշտպանել, թեկուզ եւ տնտեսական: Սրա վտանգը միշտ գոյություն ունի եւ սրանից պետք է զգուշանալ»:
Ու չնայած սրան, ստեղծվող միությունը տնտեսագետը համարում է հեռանկարային` համաշխարհային եւ հատկապես եվրոպական տնտեսական ներկայիս վիճակի համատեքստում: Մի շարք փաստերն ու թվերը ուսումնասիրելուց հետո տնտեսագետը հասկացել է, որ Հայաստանը իր տնտեսական վեկտորը պետք է ուղի դեպի ասիական տարածաշրջան։ «Ունենք Ասիա, որը ավելի արագ է զարգանում, քան՝ Եվրոպան: Նայեք Եվրոպայի տնտեսական զարգացման ցուցանիշները: Օրինակ 2013 թվականին` 0 տոկոս տնտեսական աճ: Ինչպիսի աճ է ցուցաբերում Ղազախստանը: Կան գլոբալ խաղացողներ, որոնք իրենց դերն ունեն եւ զարգացման արագ տեմպեր ունեն: Դրանք են եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը: Այս տեսանկյունից մենք համագործակցում ենք մի տարածաշրջանի հետ, որը իր տնտեսական զարգացման տեմպերով ունենալու է շատ ավելի մեծ առաջընթաց: Նայեք բոլոր դեմոգրաֆիկ միտումները: Եվրոպան ունի երիտասարդության խնդիր, իսկ ասիական տարածաշրջանն ունի երիտասարդության հսկա բանակ: Հայտնի է, որ երիտասարդությունը այն կապիտալն ու ներուժն է, որը հետագայում տնտեսական աճ է ապահովելու»։
Սակայն տնտեսագետը զգուշացնում է. չնայած բոլոր դրական հեռանկարներին, Եվրասիական տնտեսական միավորման ստեղծման առաջին տարիները ծանր են լինելու մասնակիցների համար։