Մշակույթ

Մշակույթը ազգերի շփման ամենապարզ մեխանիզմն է .Իտալիայի դեսպան

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականի ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության ծրագիրը: Ծրագրի ավարտն այսօր նշանավորվել է «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մեկնարկով, որը կշարունակվի մինչև հունիսի 6-ը: Գիտաժողովը նվիրված է ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին:

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը յուրատեսակ ամփոփումն է հայ-իտալական երկամյա համագործակցության ծրագրի, որի ամենամեծ ձեռքբերումը համարում են տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը: Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ու Միլանի պոլիտեխնիկակական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի ղեկավարների վերապատրաստման դասընթացները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ ծրագրով նախատեսված մոտ 1.5 միլիոն եվրո դրամաշնորհի շրջանակներում երկու տարիների ընթացքում իրականացվել են ծրագրեր 9 ուղղություններով:

«Մշակութային ժառանգության պահպանության խնդիրը միայն ժողովրդի հիշողության և ինքության պահպանության խնդիր չէ: Մշակույթը ազգերի շփման ամենապարզ մեխանիզմն է»,-գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում այսօր նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովանի Ռիչուլին:

«Մենք համագործակցում ենք տարբեր երկրների հետ և իմ կարիերայի ընթացքում ես չեմ հանդիպել այնպիսի հետաքրքիր և բովանդակալից ծրագրի, ինչպիսին իրականացվեց Հայաստանում: Երկու կողմերն էլ աշխատեցին օգտակարության գործակցի շատ բարձ մակարդակով: Պետք է խոստովանեմ, որ այսօր տխրում եմ ծրագրի ավարտի պատճառով, բայց վստահեցնում եմ, որ կգտնեմ ուղիներ հետագա համագործակցության համար»:

Հետագա համագործակցության ու ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Հասմիկ Պողոսյանն առաջիկայում կհանդիպի Իտալիայի կառավարության անդամների հետ: Կքննարկվի, մասնավորապես, հուշարձանների վերականգնման համատեղ կենտրոնի ստեղծման խնդիրը: Հավելենք, որ Երևանում այսօր մեկնարկած «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը կշարունակվի մինչև հունիսի 6-ը: Գիտաժողովը նվիրված է ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին: Հատկանշական է, որ մեծանուն ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. հոբելյանական միջոցառումների օրացույցում:

Back to top button