ՀԲ մասնագետները մտահոգիչ են համարում Հայաստանում պոչամբարների կառավարումը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Համաշխարհային բանկը կազմել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող թեմատիկ երկու վերլուծություն, որոնց նպատակը ոլորտի բնապահպանական, սոցիալական խնդիրների դիտարկումն ու գնահատումն է: Կառույցի մասնագետները կարծում են, որ հանքարդյունաբերության ոլորտում կանոնակարգերը խստացնելու, վերահսկողությունն ուժեղացնելու և թափանցիկությունը մեծացնելու անհրաժեշտություն կա: Նրանք նաև առաջարկում են առաջնորդվել միջազգային լավագույն փորձով ՝ ոլորտի տնտեսական օգուտներն ու բնապահպանական, առողջապահական վնասները բալանսավորելու նպատակով: Իսկ ամենառիսկայինն ու մտահոգիչը ՀԲ մասնագետները Հայաստանում համարում են պոչամբարների վատ կառավարումը:
Հայաստանը չունի գործող հանքերի, պոչամբարների կառավարման, դրանց էկոլոգիական ու սոցիալական ազդեցության մասին տվյլաների կենտրոնացված ռեգիստր, նշում են Համաշխարհային բանկի փորձագետները հանքարդյուանբերության ոլորտին վերաբերող թեմատիկ ուսումնասիրության մեջ: Մինչդեռ նման ռեգիստրի առկայությունը, ըստ նրանց, կարող էր օգնել պետական կառույցներին ՝ վերահսկողություն ու տեսչական ստուգումներ իրականացնելու, իսկ հանրությանն ու շահագիգիռ խմբերին ՝ ոլորտի մասին տեղեկություններ ու տվյալներ ձեռք բերելու հարցում:
Թերևս հենց նման միասնական շտեմարանի բացակայությունն է պատճառը, որ հստակ ու վերջնական չէ այն տվյալը, թե քանի հանքավայր ու քանի պոչամբար կա Հայաստանում. ոլորտին առնչվող տարբեր գերատեսչությունները պաշտոնական տարբեր թվեր են մատնանշում: Համադրելով դրանք՝ ուսումնասիրության հեղինակներից Կարեն Աղաբեկյանը խոսում է մեր երկրի տարածքում առկա 19 պոչամբարի մասին, որից ակտիվ է 9-ը: Դրանք կենտրոնացած են 3 մարզում՝ Կոտայք, Սյունիք և Լոռի՝ 1400 հա ընդհանուր տարածքով կամ 220 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալով։ «Ամենալուրջ խնդիրը պոչամբարների վատ կառավարումն է։ Բոլոր խնդիրները բխում են հենց վատ կառավարումից»,- ասում է։
Վատ կառավարման մասին գնահատականը զեկույցի հեղինակները փաստում են օրինակներով: Հայաստանում պոչամբարները, այսինքն՝ հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոննների ամբարները, գտնվում են բնակավայրերի ու գետերի մոտ, հաճախ որպես արոտավայրեր են ծառայում, հողի նմուշներում մետաղների պարունակությունը էականորեն գերազանցում է թույլատրելի սահմանը: Կարեն Աղաբեկյանի խոսքով ՝ սա վերաբերում է հայաստանյան բոլոր պոչամբարներին: «Զարգացած երկներում կան փորձարկված պրակտիկաներ, որոնց միջոցով հնարավոր է պոչամբարը դարձնել անվնաս կամ քիչ վնասկար: Դրանց կիրառումը, ստանդարտների պահպանումն էլ հենց կկոչվի լավ կառավարում»։
Համաշախարհային բանկի մասնագետները քաղաքականություն մշակողներին առաջարկում են խստացնել վերահսկողությունը, մեծացնել բնապահպանական առաջնահերթությունների նկատմամբ ուշադրությունը, հստակեցնել օրենսդրական կարգավորումները և որպես ուղենիշ օգտագործել միջազգային լավագույն փորձը։
Համաշխարհային բանկի բնապահպանության հարցերով մասնագետ Ադրիանա Դամիանովան կարծում է, որ գործողությունների ուղեցույց կարող է դառնալ նաև իրենց ուսումնասիրությունը: Իսկ հարցին, թե ինչ է կարծում, որքանով դրան կհետևեն ոլորտի համար պատասխանատու պետական կառույցները, պատասխանում է. «Մենք ուսումնասիրությունը սկսել ենք այլ կառավարության հետ, ավարտում ենք նորի հետ: Բավական արդյունավետ քննարկում ենք ունեցել բնապահպանության նոր նախարարի հետ: Տպավորություն ունեմ, որ մեր վերլուծությունը հետաքրքրել է նրան»:
Առաջին բացասականա գնահատականը ՀԲ մասնագետները լսեցին բնապահպան ակտիվիստներից: Զեկույցների ներկայացման ժամանակ Աննա Շահնազարյանը դժգոհություն հայտնեց, թե հեղինակները օգտվել են միայն պետական աղբյուրներներից, չեն դիմել քաղաքացիական խմբերին, ՀԿ-ներին, որոնց տեղեկությունները կամբողջացնեին պատկերը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը համաձայն չէր այս գնահատականին: Նշեց, որ խոսքը հանրային փաստաթղթերի մասին է և դրանք մշակելով՝ իրենք հիմնվել են պաշտոնական տվյալների վրա, բայց չեն սահմանափակվել դրանցով։ «Առաջին փաստաթուղթը մշակելուց հետո քննարկում ենք կազմակերպել, աշխատել ենք ներգրավել քաղաքացիական հասարակությանը, դրա համար համաձայն չեմ քաղաքացիական ակտիվիստի այն կարծիքին, որ մենք անտեսել ենք հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»,- ասաց։