Հասարակություն

Հանրային խորհրդում քննարկվեց Քեսաբի ճակատագիրը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի 18-րդ լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել նաև Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների հանրային խորհուրդներին ուղղված դիմումն և դրա արձագանքը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀԽ անդամ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և նշել, որ արդեն իսկ կան արձագանքներ: ՀԽ դիմումին մասնավորապես պատասխանել են Բրազիլիայի հանրային խորհուրդն ու Ռուսաստանի հասարակական պալատը:

«Սիրիայում արդեն 3-րդ տարին տևող հակամարտության ընթացքում այնտեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունները, այդ թվում սիրիահայությունը և Քեսաբի հայերը, ենթարկվել են աննախադեպ հալածանքների` մասսայական սպանությունների ու տեղահանության: Սա լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների  և ազգային փոքրամասնությունների պաշտպանության  հիմնարար սկզբունքներին»,- դատապարտելով քեսաբահայության տեղահանության փաստը` Հայաստանի հանրային խորհուրդն այս նամակով դիմել է տարբեր երկրների հանրային խորհուրդներին և կոչ արել բոլոր կողմերին վճռական գործողություններ իրականացնել Սիրիայի հակամարտության շուտափույթ խաղաղ հանգուցալուծման, փախստականների վերադարձի և խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների հետաքննության ու մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Ներկայացնելով Հանրային խորհրդի կողմից ուղարկված նամակ դիմումը` ՀԽ անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ կան արձագանքներ: ՀԽ դիմումին մասնավորապես պատասխանել է Բրազիլիայի հանրային խորհուրդն ու Ռուսաստանի հասարակական պալատը: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Բրազիլիայի հանրային խորհուրդը ղեկավարում է երկրի նախագահը` տիկին Ռուսոֆը: Նա կոչ էր անում, որ բոլոր կողմերը պետք է հարգեն մարդու իրավունքները, հայ ժողովրդի իրավունքները: Կարևոր է նաև այն պատասխանը, որ ստացվեց Ռուսաստանի  հասարակական պալատրից, որի նախագահը միաժամանակ համաշխարհային հասարակական խորհուրդների ասոցիացիայի նախագահն է: Պատասխանը փաստորեն երկակի բնույթ էր կրում»,- ասում է Սաֆրաստյանը։

Ռուսաստանի հասարակական պալատի նախագահը բացի այն, որ դատապարտում է Քեսաբում տեղի ունեցածն ու կիսում է ՀԽ նամակի մեջ արտահայտված ցասումը, նաև առաջարկում էր կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել։ «Մասնավորապես՝ առաջարկվում է Մոսկվայում կազմակերպվել մի համաժողով կոնկրետ նվիրված Սիրիայի դեպքերին, հայ ժողովրդի կրած բոլոր զրկանքներին, զոհերին»։

Սաֆրաստյանի գնահատմամբ` Քեսաբի` որպես հարձակման թիրախի ընտրության մեջ իրենց դերն են ունեցել Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև օժանդակություն են ցույց տվել գրոհայիններին։ «Հիմնական հարվածը պետք է հասցվեր Լաթաքիային Քեսաբի միջոցով: Եվ հետագայում, ինչքանով ես հասկանում եմ, ծրագիրը պետք է լիներ ամբողջ ծովեզրյա շրջանների գրավումը, որ ծովից կտրվեր այդ մասը Սիրիայի: Բայց աշխարհում այն ցասումը, որ բարձրացավ, աղմուկը, որ բարձրացավ, կանգնեցրեց այդ ծրագրերի իրականացումը»։

Կվերադառնա՞ն քեսաբահայերը տուն, թե՞ ոչ, Ռուբեն Սաֆրաստյանը չի կարող ասել: Միայն գիտի, որ կառավարական ուժերին ի վերջո կհաջողվի դուրս մղել հրոսակներին: Նա կարծում է, որ դա պարզապես ժամանակի խնդիր է։

Back to top button