Միջազգային

Հակառակ կայացած ընտրություններին՝ Սիրիայում պատերազմը կշարունակվի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հունիսի 3-ին Սիրիայում  անցկացվեցին նախագահական ընտրություններ: Դրանք  կարելի է  պատմական  որակել, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ արաբական այս երկրում նախագահի պաշտոնում առաջադրվել են թեկնածուներ ոչ Ասադների ընտանիքից: Նկատենք, սակայն, որ գործող նախագահի մրցակիցները սիրիական հասարակության համար անհայտ թեկնածուներ էին: Այս իմաստով երեկ կայացած քվեարկության ելքը կանխորոշված էր։ Ի՞նչ ազդեցություն կունենան  Սիրիայում  կայացած նախագահական ընտրությունները երկիրը քաղաքացիական պատերազմի ճիրաններից փրկելու համար: 

Փորձագետների  համար դեռևս ընտրություններից առաջ էլ պարզ էր, որ սիրիական ընտրություններում  հաղթելու է գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Դրա պատճառները տարբեր են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով` առաջադրված երկու թեկնածուներ Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին հասարակական ու քաղաքական լայն շրջանակների համար չունեին այն վստահությունը, որը վայելում է  գործող նախագահը: Գործող նախագահի  հաղթանակը կանխելու միակ քայլը նրա չառաջադրվելն էր, կարծում են փորձագետները:

Ընտրությունների անցկացումը, արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, կազմակերպվել է երեք նպատակով.

  • սահմանադրական ժամկետներում իշխանությունը պետք է կազմակերպեր ընտրություններ,
  • սիրիական ճգնաժամի  քաղաքական կարգավորմանը ձգտող սիրիական վարչակարգն այլընտրանք չուներ քաղաքական առկա ստատուս-քվոն պահպանելու համար,
  • մտավախությունն էր,  որ   Արևմուտքը կասկածի տակ կդնի  գործող նախագահի լեգիտիմությունը և  կբարձրացնի  Ասադի լիազորություններն ավարտվելու հարցը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այս ընտրություններով Ասադն աշխարհին փորձում է ապացուցել, որ չնայած երեք տարի շարունակ զինված հակամարտություն է ընթանում Սիրիայում, այնուամենայնիվ, սիրիացիները հավատում են երկրի նախագահին և իրենց սեփական ուժերով խնդրի կարգավորմանը։

Արդյո՞ք միջազգային հանրությունը կճանաչի սիրիական ընտրությունները, հարցին արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ  գործող վարչակարգին աջակցող տարածաշրջանի  և  մյուս բարեկամական  պետությունները`  օրինակ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան կճանաչեն ընտրությունները, իսկ արմատական ընդդիմությանն աջակցող արևմտյան պետություններն  արդեն իսկ սկսել են քննադատել  ընտրությունների  արդյունքները:

Գլխավոր հարցը, որն առկախ է մնում Սիրիայում երեկ կայացած ընտրություններից հետո, պատերազմին է վերաբերվում: Այն կշարունակվի, համոզված են արաբագետները։

Back to top button