Հասարակություն

Կառավարության ղեկավարը դեսպաններին առաջարկել է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ մասնակցել է կառավարության նիստին: Պաշտոնյա Սարգսյանն այսօր նաև լրագրողների հարցերին է պատասխանել: Նա խոստացել է, որ նոր առաջարկների ու նոր աշխատանքների շնորհիվ կթեթևանան բնակչության սպարակման խնդիրները: Կառավարության նիստում վարչապետի հանձնարարականով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անդրադարձել է նախօրիեն հանրապետությունում տեղի ունեցած քարաթափումներին: Հովիկ Աբրահամյանն էլ նախարարներին է փոխանցել դեսպաններից ստացած դժգոհությունները:

Անուններ չհնչեցին, սակայն, անդրադարձ հարցին այդուհանդերձ կատարվեց: Կառավարության ղեկավարը դեսպաններին առաջարկել է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում, վերջիններս էլ դժգոհել են, որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում: Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:

Հատկապես որ նախարարներից են դժգոհել դեսպանները, դեռ պարզ չէ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց.«Մենք հարց չունենք»:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը աշխատել ու աշխատում է դեսպանենրի հետ, ապացույցը Չինական դպրոցի բացումն է:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը վարչապետի հորդորով անդրադարձավ հորդառատ անձրևների պատճառով նախօրեին գրանցված քարաթափման դեպքերին: Փոխվարչապետի փոխանցմամբ, Դեպքի վայր ժամանած ծառայությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ալավերդու, Վանաձորի ճանշինների համապատասխան տեխնիկա-միավորների և ծառայությունների աշխատանքի արդյունքում մոտավորապես ժամը 12-ին երթևեկությունը մի կողմով բացվել է, իսկ մեկ ժամ անց ամբողջությամբ է բացվել : Առավոտյան նույն հատվածում՝ Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին է տեղի ունեցել քարաթափում, բայց ավելի փոքր ծավալով:

«Գիշերն ունեցել ենք մեկ այլ քարաթափում ևս, ժամը 4:30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան միջպետական Մ-2 ճանապարհի հատվածում նույնպես քարաթափություն է դիտվել, երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհն արդեն շահագործվում է նորմալ ռեժիմով»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն ուղղված էր պատկան մարմիններին: Երեկ վարչապետի որոշմամբ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ Կարինե Մինասյանն առանց աշխատանքի չի մնա. Նրա ազատման պատճառն էլ Մաքսային միության հետ կապ չունի:

Օպտիամացում սպասվում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նախորդ աշխատակազմից ու հատկապես Երվանդ Զախարյանի աշխատանքից Մարտին Սարգսյանը գոհ է, դժվարանում է գնահատել, արդյո՞ք համակարգում կոռուպցիոն ռիսկեր կան .«Պրոֆեսիոնալներ են այնտեղ աշխատել ու աշխատում, մարդիկ, ովքեր զրոյական կարգավիճակից ստեղծել են ամբողջ կադաստրային բազան»:

 

Back to top button