Հասարակություն

Բնապահպանությո՞ւն, թե՞ բնավիրություն. վաղը շրջակա միջավայրի պահպանության օրն է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Բնապահպանական խնդիրներից մինչեւ պատմաշկաութային ժառանգության ոչնչացում.շրջակա միջավայրի պահպանության օրվա նախաշեմին, մտահոգող խնդիրների շուրջ են այսօր խոսել բնապահպանները: Այսօր ունենք շատ գրված ծրագրեր, որոնք ըստ էության կոչված են բնության պահպանությանը, սակայն իրականում դրանք ոչ թե բնապահպանության, այլ՝ ինչպես բնապահպանները բնութագրեցին, բնավիրության են հանգեցնում:

Մենք կտրվել ենք մեր հողից ու ջրից, մեր արմատներից ու հայրենիքից, մեր բնությունից. այդ վիճակը բերել է նրան , որ մենք հանուն փողի ոչնացնում ենք այն, ինչ մեզ սնել է, ասաց Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանը: Բնապահպանական խնդիրների հիմնական մեխը, նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունն է. Կազմակերպության նկարահանած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիմը հենց այդ խնդրին է վերաբերում:
11 շահագործվող մետաղական հանքեր, սպասվող եւս 28-ը, արդեն 11 մեռյալ գոտիներ՝ պոչամբարների տեսքով, որոնք դժվար է երբեւէ վերականգնվեն եւ սա միայն Սյունիքի մարզում է. Բնապահպանը սա աղետալի է համարում:

«Մենք վաղուց բնապահպանության նախարարությանն անվանել ենք «բնավերման» նախարարություն, քանի որ եղել են դեպքեր, երբ բազմաթիվ հաղորդագրություններ ենք տվել մի շարք դեպքերի մասին։ Օրինակ պոչամբարը լցվում է Գեղի գետը, կամ այլ խախտումներ, սակայն մինչեւ հիմա զրո արձագանք եւ զրո քայլեր»:

Իշխանությունների հետ համագործակցելն անիմաստ և անօգուտ է, եւ այլևս չենք փորձելու համագործակցել, հավելեց Աննա Աղլամազյանը: Նրա խոսքով՝ այս խնդիները նախեւառաջ գալիս են հարկային դաշտի բացերից:
«Ամուլ սարն օրինակ այսօր կարելի է շահագործել. հարկային դաշտն այնպիսի ծիծաղելի վիճակում է, որ կարելի է եւ շահավետ է ցանկացած հանքավայր շահագործելը»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը համամիտ է իր երիտասարդ գործընկերոջ հետ, ողջունում է նրանց շարժումը, բայց կողմ է իշխանությունների հետ համագործակցությանը: Խնդիրները պետք է լավ ներկայացվեն, քանի որ, իր կարծիքով, շատ խնդիրների մասին նրանք պարզապես տեղյակ չեն:
«Պետք է հնարավորություն ունենաս այդ մարդկանց հեռտ դեմ առ դեմ ինչ որ հարց քննարկել, ինչպես դա եղավ Թռչկանի ջրվեժի դեպքում: Կայուն զարգացման խորհրդում Արման Վերմիշյանը հարց բարձրացրեց, ես հիշեցի որ համակարգչում ունեմ Թռչկանի նկարը, Արմանն ասաց պարոն Վարչապետ ահա նայեք դուք նման գեղեցկություն երեւի թե վերջին անգամ եք տեսնում: Այն ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր: Նա զարմացավ, հետո երբ ներկայացրեցինք, երկու օր հետո Կառավարությունը որոշումը փոխեց»:

Կարինե Դանիելյանը նաեւ անդրադարձավ առհասարակ մեր մշակութային արժեքների պահպանման խնդրին:«Երեւանը, կարծես, որոշել է իր պատմությունից հեռանալ», ասաց բնապահպանը:

«Չկա այդպիսի մի քաղաք, որտեղ կենտրոնը, որը պատմամշակութային ժառանգության կենտրոն է հանդիսանում, չի պահպանվում եւ դառնում է բիզնես -կենտրոն, իսկ մեզանում այդ գործընթացն է գնում՝ մենք հերթով կորցնում ենք մեր Երեւանի պատմությունը, եւ վաղը նույն ադրբեջանցիները հանգիստ կարող են ասել՝ «այստեղ Ադրբեջան է եղել, եկել այս բարձրահարկ շենքերը դրել են: ՀԻմա օրինակ նույն խնդիրը որ վաճառքի է հանվել ՄՀՀ-ն եւ նշված չէ, որ դա պատմամշակութային կոթող է, վաղը կարող է գնողը դա քանդի եւ տակը հանք փորել, ինչպես եղավ Երիտասարդական պալատի դեպքում. հանքը ՝ քաղաքի կենտրոնում»:

 

Back to top button