ՄիջազգայինՍպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Բրազիլիա կմեկնի 600 հազար զբոսաշրջիկ… նրանցից 10- ը հայեր են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանն ընդառաջ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր անդրադարձել է աշխարհի առաջնությանը։ Նա հայտնել է, որ առաջնության ընթացքում ունենալու են մոտ  600 հազար զբոսաշրջիկ: Մեծ մասը ԱՄՆ-ից են: Խոսելով նաև Բրազիլիայում անցկացվող բողոքի ցույցերի մասին` դեսպանը նշել է, որ այդ ցույցերը Բրազիլիայի բնակչության փոքր մասն են կազմում: Այնինչ՝ բնակչությունն իրականում 200 միլիոն է: Մեծամասնության համար աշխարհի այս առաջնությունը մեծ տոն է, ասել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Ցանկացած բրազիլացի երազում է դառնալ ֆուտբոլիստ և երազում է սկսած մանուկ հասակից: Լինելով բրազիլացիների մեծ կիրքը՝ ֆուտբոլը միևնույն ժամանակ բիզնես է, հետևաբար՝ առաջիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը առաջին հերթին շահութաբեր բիզնես է Բրազիլիայի համար ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ տուրիզմի զարգացման առումով, խոսելով Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, այսօր նշեց  Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Իհարկե՝ բավականին թանկ հաճույք է նաև առաջնության անցկացումը։ Միայն ստադիոնների կառուցման համար ծախսվել է 8 միլիարդ դոլար։ «Շատերի մոտ է առաջանում այն հարցվը, թե արժե՞ արդյոք այդքան ծախս անել և արդյո՞ք այդ բոլոր ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները արդարացնում են նպատակը: Այո, ես հավատում եմ, որ մեր սպասումները կարդարացվեն: Վստահ եմ` բրազիլացիները լիարժեք ուրախության պահեր կապրեն, քանի որ մենք իսկապես սիրում և պաշտում ենք ֆուտբոլը: Ծախսված գումարները մեծ ներդրումներ են և առաջնությունից մենք ակնկալում ենք 30 միլիարդ դոլարի եկամուտ»։

Հաշվի առնելով համացանցի առկայությունը` դեսպանը նկատեց, որ չի կարող խաբել և  քողարկել Բրազիլիայում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, որոնցով բազմաթիվ բրազիլացիներ իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ առաջնության անցկացման: Դեսպանի տեղեկացմամբ՝ ցուցարարների մեծամասնությունը բողոքում է, թե ինչու առաջնությանը հատկացվող գւոմարը չի ներդրվում, օրինակ, կրթության և առողջապահության ոլորտի բարելավման համար:

Իհարկե՝ այս խնդիրները կան, բայց նաև չպետք է մոռանալ նաև, որ առաջնությունից եկող շահույթը ուղղվելու է նաև  այդ խնդիրների լուծմանը, հայտնեց դեսպանը: Անդրադառնալով առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հիշեցրեց, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բրազիլիայի 12 քաղաքներում և այն տեղեկությունները, թե ստադիոնները պատրաստ չեն առաջնությանը, ուռճացված են: Այս պահին միայն երկու ստադիոն պատրաստ չէ, նշեց դեսպանը: Մնացած ստադիոնները ոչ միայն ամբողջությամբ պատրաստ են, այլև այնտեղ արդեն անցկացվում են խաղեր:

Նշենք որ Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ին:  Լրագրողի հարցին թե քանի հայ է դիմել դեսպանատուն առաջնությանը մասնակցելու վիզա ստանալու համար, դեսպանը տխրությամբ պատասխանեց, որ ընդամենը 10 վիզա են տվել, որից երկուսը շահումի շնորհիվ, մեկը` որպես կամավոր։

 

Back to top button