Քաղաքական

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ Եվրասիական միության

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եվրասիական միությանն առնչվող զարգացումների շուրջ Հայաստանում լուրջ քննարկում ու համարժեք դիսկուրս չի ծավալվում, կարևոր որոշումների վերաբերյալ հանրությանը բացատրություններ չեն տրվում, այսօր արձանագրել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, «Հայաստանի գոյության մարտահրավերները Եվրասիական միության զարգացումների ներքո» խորագրով հրավիրված հանրային քննարկման ժամանակ: Մասնակիցները Եվրասիական գործընթացի մեջ ավելի շատ վտանգներ, քան շահեր են տեսնում, կարծում են, որ քաղաքացիական հասարակությունը պետք է այլընտրանք ներկայացնի ու ահազանգի գոյություն ունեցող վտանգների մասին:

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը փորձում է մաս կազմել մի միության, որն ինչպես էլ անվանվի ՝ Մաքսային, Եվրասիական տնտեսական, թե՝ պարզապես Եվրասիական, միեւնույն է՝ նորացող եւ ընդլայնվող ռուսական կայսրությունն է իր բոլոր հետեւանքներով, կարծում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ՝ միության հիմնադիր երեք պետություններն ու Հայաստանը շահերի որևէ համընկնում չունեն: Ըստ Շահնազարյանի՝ մեր երկիրն այդ միությունում դիտվում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան որպես միջոց՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար։

Իշխանությունը պաշտպանում է գործընթացը, քաղաքական ուժերը դիրքրոշում չեն հայտնում, անելիք, ըստ Շահնազարյանի, ունի հասարակությունը։ «Քաղաքացիական հասարակության խնդիրն է ապացուցել, որ մենք հասրակություն ենք, որ չենք մոռացել անկախության հանրաքվեն ու մեր Սահմանադրությունը: Այլ հույսեր չկան. ոչ իշխանությունը, ոչ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները սա անել չեն կարող»։

Այս հարցում քաղաքացիական հասարակության դաշնակից, ըստ Շահնազարյանի, կարող են դառնալ քաղաքական միայն այն ուժերը, որոնք առաջնորդվում են «ոչ Եվրոպա, ոչ Եվրասիական միություն» բանաձևով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ նույնպես սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի հիմնական խնդիրը հանրային դիսկուրսի բացակայությունն է, կենսական նշանակություն ունեցող խնդիրների ու որոշումների վերաբերյալ համարժեք վերլուծությունների ու քննարկումների պակասը։ «Փաստորեն՝ Հայաստանում դիսկուրսի նախաձեռնողը Նազարբաեւն է։ Սեպտեմբերի 3-ից հետո մեր բոլոր հայտարարությունները, ահազանգերը որևէ արձագանք չեն գտել: Գիտակցված լռության մատնելու վարքագիծ է դրսևորվում»։

Ըստ Սաքունցի ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է այլընտրանք ներկայացնի, ահազանգի գոյություն ունեցող վտանգների մասին: Նրան մտահոգող հիմնական գործոնը տարածաշրջանի սպառազինումն է, նաև հանգամանքը, որ Եվրասիական միության հիմնադիր անդամներից մեկը նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Հասարակական մեկ այլ կառույցի՝ ԹԻ հակակոռուպցիոն կենտորնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է. սեպտեմբերի 3-ի որոշման հիմնական փաստարկը Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրն էր: Աստանայի հայտարարություններից հետո, սակայն, պնդումը , թե Եվրասիական միությանն անդամակցելն ապահովում է այդ անվտանգությունը, կասկածի տակ է:

Իսկ հասարակության ու հասարակական համարժեք արձագանքի մասին խոսելով ՝ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը հենվում է իրենց անցկացրած հարցումների արդյուքների վրա: Կարճ ամփոփոմամբ, ըստ դրանց, Հայաստանի հասարակությունը պասիվ է, անտարբեր, վստահության սահամանփակ պաշարով։ «Մի պարամետրում մենք ունենք սարսափելի արդյունք: Խոսքը վստահության ինդեքսի մասին է: Եթե անցումային երկրների միջին ցուցանիշը 34 է, ապա Հայաստանի դեպքում դա 8 է»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին հիսաթափեցnնում է ոչ միայն քննարկումների, բացատրությունների, հասարակական համարժեք արձագանքի պակասը, այլ նաև խորհրդարանական ոչ իշխանական քառյակի երեկ տարածած հայտարարությունը: 12 կետից կազմված պահանջագիրը թեև դեռ չի գաղտնազերծվել, բայց քառյակի ուժերը նշել են, որ պահանջները վերաբերում են ներքին խնդիրներին։ Եվրասիական գործընթացը պահանջների ցանկում կարծես թե չկա:

Այս քննարկումը ևս չշրջանցեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման թեման։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն առաջարկի քննարկումը հենց այս փուլում խորհրդանշական համարեց: Առաջարկեց հասարակական շարժում սկսել «Ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման», որն այս խորհրդանշական առիթով կարտահայտի նաև քաղաքացիական հասարակության բողոքը Եվրասիական միությանն անդամակցելու դեմ։ «Եվ մի բան էլ կուզեի ասել. եթե տեղադրելու են Անաստաս Միկոյանի արձանը, ապա թող Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի արձանները հանեն»։

 

Back to top button