Հասարակություն

Սոցփաթեթի շահառուների համար բուժօգնություն տրամադրող հիվանդանոցների թիվն ավելացել է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարությունում այսօր լրագրողներին է ներկայացվել սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման փոփոխությունները: ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հավաստիացրել է, որ նոր կարգով կբարձրանա ինչպես բուժօգնության մատչելիությունը, այնպես էլ կավելանան սոցփաթեթով բժշկական ծառայություններ մատուցող հիվանդանոցների թիվը:

ՀՀ կառավարության 2013 թվականի վերջին ընդունած որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է առողջապահության նախարարությանը: Այսպիսով, սոցփաթեթում ներառված առողջապահության ապահովագրության բաղադրիչից շուրջ երկու տարի օգտվող շահառուները դարձյալ կօգտվեն նույն ծառայություններից, սակայն հետագա ծախսերի փոխհատուցումն արդեն կիրականացնի առողջապահության նախարարությունը: ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը տեղեկացրեց, որ սոցփաթեթից ընդհանուր առմամբ իրավունք է ունեցել օգտվել 150000 մարդ, եւ 2012 թ-ի տվյալներով առողջապահական ծախսերին ուղղվել սոցփաթեթի շուրջ 40 տոկոսը: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք այս փոփոխություններն արվել են պետության միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու համար, քանի որ 60 տոկոսը փաստորեն մնացել է ապահովագրական ընկերություններին, Սարո Ծատուրյանը չհերքեց:

«Կեսից մի քիչ պակասը, շուրջ 40 տոկոսը ծախսվել էր բժշկական ծառայությունների վրա»:

Ի՞նչ պետք է անի սոցփաթեթից օգտվող շահառուն, եթե ունի որեւէ խնդիր. Սարո Ծատուրյանը հիշեցրեց կանոնները. եթե խնդիրը հրատապ չէ եւ չկա շտապ բուժօգնության կարիք, նախ պետք է դիմել առաջնային բուժօգնություն իրականացնող ծառայություն՝ պոլիկլինիկա, ապա բժշկի ուղեգրի առկայության դեպքում նոր դիմել այն բուժհաստատաություն, ով իրականացնում է անվճար բուժօգնություն՝ սոցփաթեթի շրջանակներում: Սարո Ծատուրյանը, ի դեպ, տեղեկացրեց, որ հիվանդանոցների ցանկն ընդլայնվել է ողջ Հայաստանում:

«Առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում պայմանագրեր է կնքել պետական պատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոցի հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, ինչը զգալիորեն ընդլայնում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը»:

Այն շահառուները, որոնք ապահովագրական ընկերությունների հետ դեռ ունեն գործող պայմանագրեր, կշարունակեն այն, ծախսերը պետք է հոգան ապահովագրական ընկերությունները, քանի որ պայամագրերը կնքվել են նախորդ տարվա կեսին:

Հավելենք, որ առաջիկա երկու ամսում բոլոր շահառուներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր, կստեղծվի էլեկտրոնային շտեմարան, որով բուժհիմնարկը կստուգի արդյո՞ք տվյալ անձը ներառված է սոցփաթեթում, թե՞ ոչ:

Իսկ նրանք, ովքեր աշխատում են որեւէ ընկերությունում եւ չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, ցանկության դեպքում կարող են դիմել ապահովագրական որեւէ ընկերություն եւ ապահովագրել իրենց առողջությունը. «Դա յուրաքանչյուրի իրավունքն է»,- ասաց առողջապահական գործակալության պետը:

Հիշեցնենք, որ սոցփաթեթը գործում է 2012 թ-ից եւ իր մեջ ներառում է առողջապահության ապահովագրություն, հանգստի կազմակերպում Հայաստանում եւ Արցախում, հիփոթեքային վարկի եւ կրթության վճարի տրամադրում:

Back to top button