Վերլուծական

Սիրիայում նախագահի ընտրություններ են. Ասադը կօրինականացնի իր հետագա իշխանավորումը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Սիրիայում անցկացվող առաջին այլընտրանքային նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները կանխորոշված են, և ոչ ոք չի կասկածում, որ հաղթող թեկնածուն գործող նախագահ Բաշար Ասադն է լինելու։ Երեք տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի և միջազգային ճնշման պայմաններում Ասադի երրորդ անգամ նախագահի պաշտոնին առաջադրվելը միանշանակ քաղաքական խիզախություն է, ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Իրավական առումով այսօր գործող նախագահը լիովին կօրինականացնի իր հետագա իշխանավարումը ժողովրդարական չափանիշների դիտանկյունից և թույլ կտա պահպանել «ստատուս-քվոն»` փակուղում հայտնված սիրիական ճգմաժամի խաղաղ կարգավորման այսպես կոչված Ժնևյան գործընթացի պայմաններում։ Բաշար Ասադի երկու հակառակորդներն էլ ներկայացնում են լոյալ ընդդիմությունը՝ ի դեմս «Ժողովրդական կամքի» կուսակցությունից ընտրված խորհրդարանի պատգամավոր Մահըր Հաջարը և գործարար, նախկին նախարար Հասան ան-Նուրին, որոնք մինչ այդ քիչ էին հայտնի լայն հասարակությանը և նրանցից որևէ մեկի հաղթելու հավանականությունը չափազանց փոքր է։

Փաստացի՝ այս ընտրությունները նախարդում են Ասադի երկրորդ նախագահական ժամկետի ավարտին: Այս առումով դրանք կարող են համարվել հերթական: Քվեարկության իրավունք ունեն 15,8 մլն սիրիացի, որոնք իրենց քաղաքացիական պարտքը կարող են կատարել 9601 ընտրատեղամասում: Մայիսի 28-ին քվեարկել են արտերկրում գտնվող Սիրիայի քաղաքացիները, այդ թվում նաև Հայաստանում:

Սիրիայի 14 մուհաֆիզաներից՝մարզերից միայն մեկն է գտնվում ընտրությունները չճանաչող արմատական ընդդիմության ամբողջական վերահսկողության ներքո: Բացի դրանից՝ առանձին վայրերում շարունակվող ռազմական գործողությունները կարող են էապես նվազեցնել ընտրողների ակտիվությունը, նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Back to top button