Հասարակություն

Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 3.6 տոկոս գնաճ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սպառողական շուկայում այս տարվա ապրիլի համեմատ մայիսին արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում: Դիտարկված 11 քաղաքներից 10-ում արձանագրվել է գնանկում, իսկ ամենացածր գնանկումն արձանագրվել է Գավառում: Գների մակարդակը նույնն է մնացել միայն Եղեգնաձոր քաղաքում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` անցած 5 ամիսների համեմատությամբ, սակայն, արձանագրվել է 0.9 տոկոս գնաճ: Դիտարկվել է 470 ապրանք-ծառայություն, որից 251-ում արձանագրվել է գնաճ, իսկ գնանկում` 169-ում: Միայն 50 ապրանք-ծառայությունների գծով են գները մնացել նույնը:

Ապրիլի համեմատ մայիսին պարենային ապրանքների գները նվազել են 1.5 տոկոսով, 0.2 տոկոսով էլ նվազել են ծառայությունների գները: Մինչդեռ` ոչ պարենային ապրանքների գները աճել են 0.3 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նկատում է, որ հիմնական գնանկումը պարենային ապրանքների գծով է արձանագրվել:

Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է «բանջարեղեն» եւ «կարտոֆիլ» ապրանքային խմբերում` 12.5 տոկոս: 0.2 տոկոս գնանկում է արձանագրվել նաեւ ձկնամթերքի շուկայում, իսկ ձվի գներն էլ նվազել են 4.8 տոկոսով: Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` նվազել են նաեւ կենդանական եւ բուսական յուղի գները, իսկ շաքարավազի շուկայում գնանկումը 0.6 տոկոս է կազմել: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրեց վիճակագիրը, նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 3.6 տոկոս գնաճ:

Գնաճը, ըստ Գուրգեն Մարտիրոսյանի, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա հուլիսին եւ օգոստոսին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացմամբ: Վիճակագիրն ասաց, թե սպառման ծավալների փոփոխությունների վերաբերյալ վիճակագրություն դեռեւս չի իրականացվել: Դա կատարվում է տնային տնտեսությունների հետազոտությունների տվյալներով: Դրանք կամփոփվեն միայն մինչեւ դեկտեմբեր, որից հետո հնարավոր են փոփոխություններ դիտարկվող սպառողական զամբյուղի կազմում: Այն ապրանք-ծառայությունները, որոնցից քիչ օգտվողներ կլինեն, այսինքն` սպառողները հրաժարված կլինեն, դուրս կմնան դիտարկումից: Բայց այդ ամենի մասին վիճակագիրը խոստացավ խոսել միայն դեկտեմբերին:

 

Back to top button