Քաղաքական

Ինչ շահեց Հայաստանը Աստանայից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր արդեն Հայաստանում մեկնաբանում են, թե Հայաստանին ձեռնտու է եղել Աստանայում մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց այն մասին, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական Միության անդամ դառնալ առանց Ղարաբաղի եւ այդ առիթով ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր, Աժ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այդ ամենից մի քանի դրական եզրակացություն է արել: Ի դեպ` համոզված է, որ մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանն արդեն կունենա Միության անդամի կարգավիճակ:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծող պետությունները տարբեր տարաձայնություններ ունեն, այնպես որ Ղարաբաղի հարցը այստեղ միակը չէ, ասում է Աժ-ի պատգամավոր, ֆինսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` նոր ստեղծվող միությունը համեմատելով մյուսների հետ եւ այն գնահատելով «ոչ շատ լավ, ոչ շատ վատ»:

Ըստ ներկայացված տեսության` երբ շահերը գերազանցում են տարաձայնությունները` Միությունը կայանում է: Այս բանաձեւը կգործի նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում, համոզված է հանրապետական խմբակցության պատգամավորը: Խաչընդոտ չի համարում նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը կարող է Միության անդամ դառնալ առանց Ղարաբաղի եւ այդ առիթով Ադրբեջանի նախագահի նամակի ընթերցումը: Խինդիրն այստեղ այն է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը նախադեպ չեն. Միությունը նախաձեռնող գլխավոր դերաիկատար պետություններից մեկն էլ ունի նմանատիպ խնդիր եւ այդ տնտեսական գոտի ընդգրկվում է հենց այդ «չճանաչված» համարվող պետությունների հետ:

«Վլադիմիր Պուտինը ստորագրեց համաձայնագիր համաձայն որի վերացվեցին մաքսային սահմանները ՌԴ եւ Աբխազիայի եւ ՌԴ ու Հարավային Օոսիայի միջեւ: Այսինքն այդ երկու չճանաչված երկրները` չլինելով Մաքսային Միության անդամ երկրներ ըստ էության նրանց տարածքը դառնում է ՄՄ տարածք»:

Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Աստանայում որեւէ կարեւոր նշանակություն չի կարող ունենալ Միության ստեղծման հարցում: Նազարբաեւը իր քայլով պարզապես փորձեց ամրապնդել իր դիրքերը` նաեւ ցույց տալով, թե ի դեմս իրեն թուրքալեզու ժողովուրդներն ունեն իրենց շահերի պաշտպանին: Սակայն, Գագիկ Մինասյանը հիշեցրեց. Աստանայից 5 ամիս առաջ` դեկտեմբերի 24-ին Մոսկվայում, Նազարբաեւը` նույն պահանջը բարձրաձայնել էր, բայց .« Քննարկումների արդյունքում անձամբ ինքը եւս չստորագրեց հատուկ կարծիքը: Այն պարագայում, երբ ակնկալում էր, որ այդ հատուկ կարծիքը կստորագրեց երեք պետությունների ղեկավարները միասին: Իսկ ինչ շահեց Հայաստանը: Ըստ էության, եթե այդ հայտարարությունը չլիներ, միշտ հնարավոր կլիներ ապագայում ասել, որ ստորագրել ենք, բայց ՄՄ սահմաններն անորոշ են Հայաստանի պարագայում եւ եկեք այդ անորոշությունը վերացնենք: Այս պարագայում, երբ Մոսկվայում այս հարցը բարձրացվեց, քննարկվեց եւ մերժվեց այսպիսի դիրքորոշում, այդպիսի տեսակետ եւ այդպիսի պահանջ Հայաստանին այլեւս որեւէ մեկը եւ երբեք ներկայացնել չի կարող:

Աստանայում Նազարբաեւի հայտարարությունը այդ պահին Հայաստանի համար տհաճ էր, բայց շահեցինք եւս մեկ բան, ասում է Գագիկ Մինասյանը.

«Մենք բոլոր մեր խոսակցությունների ժամանակ երբ ասում ենք Հայաստան, պատկերացնում ենք ՀՀ եւ ԼՂՀ: Բայց մենք առաջին անգամ պարոն Նազարբաեւի շուրթերից լսեցինք եւ մնացած երկու երկրների ղեկավարները չհակառակվեցին, որ այլեւս ամենաբարձր միջազգային փաստաթղթերում, երբ օգտագործում ենք Հայաստան բառը դեռ պետք է հատուկ անդրադարձ կատարվի` պետք է հասկականք ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով, թե նաեւ ԼՂՀ հետ միասին»:

Վերջում հավելեմ, որ Գագիկ Մինասյանը առավել քան համոզված է. մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կունենա Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակ:

Back to top button