Հասարակություն

Ավելի քան 2 մլն դոլար է հավաքվել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հերթական հեռուստամարաթոնի ժամանակ

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Առաջիկա գործունեության ֆինանսական կարիքները հոգալու համար Հայ դատի հանձնախումբը կազմակերպեց հերթական հեռուստամարաթոնը, որ տեղի է ունենում երկու տարվա պարբերականությամբ: Հանգանակված ավելի քան 2 մլն դոլարը կուղղվի հայկական հարցերի օրակարգին: Այն ներառում է Հայոց ցեղասպանության խնդիրը` 100 ամյա տարելիցն ու փոխհատուցման պահանջը, Արցախի անկախության պահպանումն`ինքնորոշման իրավունքի դիրքերի ամրապնդմամբ, Հայաստանին տրվող ամերիկյան աջակցության ավելացումն ու տնտեսական զարգացումը և ադրբեջանաթուրքական ագրեսիվ քարոզչությանը հակազդումը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին շեշտը լինելու է փոխհատուցման պահանջը: Այդ ուղղությամբ առաջիկա քայլը կլինի կոնգրեսականներ Ռոյսի և Էնգլի հեղինակած բանաձևն այս ամիս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողով ներկայացնելը: Բանաձևը վերաբերում է Թուրքաիայում եկեղեցապատկան գույքը տերերին վերադարձնելու խնդրին:

«Այդ բանաձևը ՄՆ-ի պետքարտուղարությունից պահանջելու է զեկուցել, թե մեկ տարվա ընթացքում Թուրքիան ինչ առաջըթաց է արձանագրել` բռնազավթած եկեղեցապատկան գույքը քրիստոնյաներին, այսինքն`հայերին վերադարձնելու գործում: Այս օրինագիծը կլինի մեր փոխհատուցման պահանջի սկիզբը, այն ամենի փոխհատուցման, ինչ Թուրքիան պարտավոր է վերադարձնել հայերին: Հարկավ, ցեղասպանության ճանաչման հարցը շատ կարևոր է, բայց մենք պետք է արդեն ճանաչումից այն կողմ նայենք և խոսենք փոխհատուցման մասին», ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հայ դատի հանձնախմբի համար գործունեության երկրորդ կարևոր ուղղությունն, ըստ Քեն Խաչիկյանի, Արցախի պաշտպանությունն ու անկախության պահպանումն է: Հայ լոբբիստները կշարունակեն ջանքերը ամերիկյան նահանգային խորհրդարաններիում Արցախի անկախության ճանաչման բանաձևերի ընդունման ուղղությամբ: Քեն Խաչիկյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պահպանեն անկախությունը և իրենց դիրքերը` ինքնորոշման իրավունքի հիման վրա, որի վրա, ձևավորված է ներկա աշխարհը. վերջին 60 տարում 100 պետություն է ստեղծվել ինքնորոշման իրավունքի հիման վրա: Արցախցիները նույնպես արժանի են դրան, ասաց Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

«ՄԵնք նահանգ առ նահանգ, կշարունակենք Արցախի ճանաչման բանաձևերի ընդունման գործընթացը` ցույց տալու, որ ամերիկացի օրենսդիրները հավատում են Արցախի ինքնորոշմանն ու երկրի անկախությանը, Մինսկի խմբի միջնոդներն էլ և ադրբեջանցիներն էլ պետք է նկատի առնեն, որ հայերը երբեք չեն վերադարձնի հողերը, որոնք հայկական են ավելի քան 4000 տարի»:

Հայ դատի հանձնախմբի դրամահավաքին մասնակցելու համար Կալիֆորնիայում էր բարերար Լևոն Հայրապետյանը: Նա նշեց, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում Արցախի ճանաչման բանաձևի ընդունման լուրն առնելուն պես, որոշել է մասնակցել ու աջակցել ամերիկահայ գործիչներին հայկական օրակարգն առաջ տանելու գործում: Ինքն էլ իր հերթին, իր ասելիքն է ուղարկել հարևան պետության ղեկավարին:

Հայ դատի հանձնախմբի դրամահավաքին մասնակցեցին ամերիկյան 4 տասնյակ նահանգներից. մարդիկ ուղարկում էին 5 դոլարից մինչև մի քանի հազար: Հայ լոբբիստներին իր աջակցությունը հայտնելու էր եկել նաև կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Հայ դատի  հանձնախմբի գործիչների հետ գործակցությամբ Վաշինգտոնում իմ կոլեգաներին ներկայացնում են Հայոց ցեղասպանսության, Արցախի, Քեսաբի, Հայաստանին տրվող աջակցության ու այլ խնդիրներ, որոնք առաջնային կլինեն նաև առաջիկայում: Մենք պետք է Կովկասը խաղաղ տեսնենք, ազերիները պետք է վերջ տան Ստեփանակերտին ուղղված  ռազմատենչ հռետոչաբանությանը, պետք է բացվի Արցախի օդակայանը, Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը պետք է նվազի, այս խնդիրները կշարունակեն լինել իմ գործունեության առանցքում: Իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, աշխարհը պետք է հասկանա, որ ժխտումը ցեղասպանության վերջին և դրա կրկնության առաջին քայլն է», ասաց կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Հայ դատի հանձնախմբի գործունեության մեկ այլ ուղղություն էլ երիտասարդ կադրերի պատրաստումն է: Մոտ 100 երիտասարդներ արդեն իսկ աշխատանքի են անցել ամերիկյան օրենսդիր մարմնի և նախագահի գրասենյակներում:

Back to top button