Հասարակություն

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Հանրապետության նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին և ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով սահմանամերձ Ոսկեվանի մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:

Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում եմ, որ Ոսկեվանում նախագահը ծանոթացել է նաև այդ համայնքում, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, դրանք կավարտվեն այս տարվա հունիսին, և հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն, կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ:

Back to top button