Հասարակություն

Փոքր բիզնեսը եւս միավորվում է արհմիության մեջ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արդեն մեկ ամիս է Հայաստանում գործում է Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությունը, որի նպատակն է պաշտպանել ե՛ւ գործատուների, ե՛ւ աշխատավորների շահերը: Միության նախագահ Գեղամ Դավթյանի խոսքով` այն փոքր ձեռնարկությունները, որոնք ցանկանում են պաշտպանվել, նաև խոշոր ձեռնարկություններից, պետք է ստեղծեն իրենց արհմիությունները: 

Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանելու համար Հայաստանում գործում է ՓՄՁ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միություն, որի նպատակն է, հիմնադիր նախագահ Գեղամ Դավթյանի խոսքով, ոչ թե կռիվ գցել աշխատավորի և գործատուի միջև, այլ պաշտպանել երկուսի շահերը: Հայաստանում գործատուների և աշխատավորների պաշտպանության հարցում աշխատնքները շատ են, կարծում է Գեղամ Դավթյանը և շեշտում` չնայած, որ պետությունը ցածր տոկոսադրույքով վարկեր է տրամադրում փոքր բիզնեսի զարգացմանը, սակայն այսօր նրանց իրավունքները պաշտպանված չեն:

Գեղամ Դավթյանը պատրաստ է տարբեր բիզնես ծրագրերի իրականացման համար տարեկան ներդնել 10-ից 15 միլիոն եվրո: Կառույցի նպատակներից է նաև ստեղծել արհմիությունների բանկ, որը 1-2 տոկոսով վարկ կտրամադրի արհմիության անդամ գործատուներին: Իսկ թե ինչու՞ խոշոր ձեռնարկությունները չունեն արհմիություններ հարցին ի պատասխան:
«Իրենք վախենում են աշխատողներից, եթե աշխատողները միանան կարող են պաշտպանել իրենց իրավունքները, իսկ անհատ-անհատ նրանց ստացվում է ջախջախել, իսկ եթե մենք` արհմիություններս, միանանք, արդեն հեշտ կլինի պայքարելը»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց՝ եթե փոքր բիզնեսը գիտակցի, որ հայտնվել է իր շահերի պաշտպան մի կառույց և անդամագրվի դրան, ապա ապահովագրված կլինի նաև խոշոր ձեռնարկությունների նկրտումներից:

Հաշվի առնելով այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը` շատերն են այսօր վախենում աշխատանքը կորցնելուց և այդ պատճառով աշխատավորները չեն դիմում արհմիությունների օգնությանը: Գործատուների հանրապետական միությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում է`կրթելով երիտասարդությանը: Գագիկ Մակարյանը նշում է, որ եթե այս միության նպատակն է աջակցել փոքր բիզնեսին, ապա այն հետագայում չպետք է իր կառույց ներգրավի նաև խոշոր ընկերություններին, քանի որ Գագիկ Մակարյանի ձևակերպմամբ, դրանք հետագայում կարող են տարաձայնությունների առիթ դառնալ։

Back to top button