

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Աստանայում Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նախագահի նամակի հրապարակման փաստին այսօր անդրադարձել են նաեւ քաղաքական գործիչները: Նրանք մասնավորապես փոխանցել են իրենց տեսակետը հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանի նախագահը պետք է հենց տեղում արձագանքեր դրան, թե, այնուամենայնիվ, լռությամբ ավելին ասվեց, քան կարող էր ասվել որեւէ պատասխանի դեպքում: Տեսակետները խիստ տարբեր են: Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգյսնի խոսքով, օրինակ, զուտ քարոզչական առումով` տեղում նախագահի պատասխանը մթնոլորտ կփոխեր: Հանրապետական պատգամավորների գնահատմամբ, մինչդեռ, որեւէ պատասխան կլիներ կիսատ, իսկ լռությամբ ավելին ասվեց, քան կարելի էր ասել տվյալ պարագայում:
Տհաճ հայտարարությունները պահանջում են դիվանագիտորեն պատասխան` կարծիք հայտնեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա` ամեն ինչ գալիս է այն անորոշությունից, որը տիրում է արտաքին քաղաքականության մեջ ԼՂՀ-ի նկատմամբ:
«Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները` վարչապետը, ՀՀԿ խոսնակը, այդ օրն ասում են, որ մենք անպայման պետք է Արցախի հետ մտնենք ՄՄ, իսկ հետո նախագահը ասում է` ոչ, ով է ասել, որ ղարաբաղը մեզ հետ է գալիս: Վերջապես, որն է էստեղ ճշմարտությունը»:
Պետք էր հրապարակավ ներկայացնել աշխարհին, գոնե, մեր դիրքորոշումը, իսկ լռությունը դիրքորոշում չէ` հավելեց Դեմկուսի ղեկավարը: Նրա ձեւակերպմամբ` ստացվեց, որ աշխարհը եւս մեկ անգամ տեղեկացավ Ադրբեջանի դիրքորոշման մասին` չիմանալով, թե ինչ է ասում կամ ինչ կարող էր ասել Հայաստանը:
ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով` այն, ինչ ընթերցեց Ղազախստանի նախագահը ուղղված էր միայն Ադրբեջանին եւ ոչ Հայաստանին: Բացի այդ` Աստանան այն ձեւաչափը չէ, որտեղ ԼՂ-ի խնդիր պետք է քննարկել, հետեւաբար, ըստ հանրապետական պատգամավորի.
«Որեւէ պատասխան կլիներ թերի, քան այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը տվյալ պահին արեց: Այսինքն` լռությունը»:
Բարձրացվող աղմուկը տարօրինակ եւ անհասկանալի է: Արտակ Դավթյանը նկատեց, որ Հայաստանը եւ ՄԱԿ-ի, եւ ԱՊՀ-ի անդամ է առանց ԼՂՀ-ի եւ դա բնական է: Ին վերաբերում է այն խնդիրն, թե ինչպես է արտացոլվելու ԼՂՀ շահը այն պարագայում, երբ Հայաստանը միանում է տնտեսական միության: Մեկ այլ հանրապետական պատգամավորի` Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` տվյալ խնդիրը միանգամայն ակնհայտ է. բոլորին է հասկանալի, որ ԼՂՀ-ն փաստացի ինտեգրված է Հայաստանին եւ պետք չէ փորձել մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնել:
«Տնտեսական միություն է, որին Հայաստանը կանդամակցի: Բնական է, որ Հայաստանի հետ նման կապեր ունենալով, այո, Ղարաբաղն էլ կօգտվի եւ պետք է օգտվի այդ տնտեսական համագործակցությունից, այդ տնտեսական միությունից»:
Խորհրդարանական ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի գնահատմամբ` մեծ հաշվով այս հարցով քննարկելու բան էլ չկա: Ադրբեջանն ու Ղազախստանն իրար հետ նույնպիսի արժեհամակարգ ունեն, շահեր, եւ մի երկրի ղեկավարը մյուսին նամակներ է գրում, որոնցից մեկն էլ հրապարակվել է:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին նկատեց, որ հենց Նազարբաեւը տվյալ հարցին պատասխան տվեց` չի հետաքրքրում, թե Ղարաբաղը դե յուրե ինչպիսի կարգավիճակ կունենա: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ հնարավոր մաքսակետին` Լյովա Խաչատրյանը նկատեց, որ հիմա էլ պաշտոնապես անցակետ կա, բայց դա ոչինչ էլ չի փոխում եւ եթե էությունը չի փոխվելու` մտահոգության խնդիր չկա: