Միջազգային

Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Աբխազիայի հետ ՝ առանց նախագահի

Նախագահ Ալեքսանդր Անկվաբայի հրաժարականից հետո  Ռուսաստանը շարունակում է համագործակցել Աբխազիայի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապերի հարցով օգնական Վլադիսլավ Սուրկովը: «Մենք ակտիվորեն աշխատում ենք հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, խորհրդարանի և նորացված կառավարության հետ: Ռուսաստանն ամբողջ ծավալով կապահովի ֆինանսական և ռազմական աջակցություն աբխազական ժողովրդին», -ասել է Սուրկովը Ռիա Նովոստիի թղթակցին: Ըստ ռուս  պաշտոնյայի Աբխազիայում ճգնաժամը լուծվել է խաղաղ ճանապարհով:  «Բանակցություններին մասնակցած բոլոր կողմերի իմաստության և Ալեքսանդր Անկվաբայի կողմից մեծահոգաբար ընդունված որոշման շնորհիվ կայունությունը պահպանվել է», — նշել է նա: Ավելի վաղ` կիրակի Ալեքսանդր Անկվաբան հայտարարել էր, որ հրաժանական է տալիս և հեռանում է հանրապետության նախագահի պաշտոնից: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Աբխազիայի խորհրդարանն անվստահություն էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերդիային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբային առաջարկել ինքնակամ վայր դնել իր լիազորությունները: Դրան նախորդել էին Սուխումիում բողոքի զանգվածային ցույցեր երկրի բարձրագույն ղեկավարությունը փոխելու պահանջով:

Back to top button