Միջազգային

Պետք է քաղաքի նորմալ գործունեությունն ապահովենք, հայտարարել է Վիտալի Կլիչկոն

ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որը Կիևի քաղաքապետի ընտրություններում ամենաշատ ձայնն է հավաքել, ԻՆՏԵՐ հեռուստակայանի եթերում հայտարարել է, որ երբեք իրեն թույլ չի տվել մտածել Կիևի կենտրոնում բողոքի ցույցերը ցրելու հնարավորության մասին: Սակայն նշել է, որ երկրում ընտրվել են նոր իշխանություններ, մայրաքաղաքն ունի  նոր ղեկավարություն և Կիևն օրինակ ծառայելով  ողջ Ուկրաինային պետք է աստիճանաբար վերադառնա բնականոն կյանքի: «Պետք է քաղաքի նորմալ գործունեությունն ապահովենք: Անհրաժեշտ է, որ Կիևի իշխանությունը վերադառնա քաղաքապետարանի շենք»,- ասել է Կլիչկոն: Նա նաև խոսել է Ուկրաինայի հարավ արևելքում իրավիճակը կայունացնելու անհրաժեշության մասին:

Ավելի վաղ Անկախության հրապարակում Կլիչկոն հանդես էր եկել մի քանի հազար ակտիվիստների առջև և ասել էր, որ մայդանն արդեն ավարտել է իր գործը,  իշխանությունից կարողացել է հեռացնել դիկտատորին, հնարավորություն ստեղծելով երկրում անցկացնել ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Կլիչկոյի խոսքերի հետ չհամաձայնելով ակտիվիստները կոչ էին արել ցույցի մասնակիցներին  չհեռանալ հրապարակից: «Մենք պայքարել ենք իշխանական համակարգի փոփոխության համար, սակայն դեռևս այդպիսի փոփոխություններ չենք տեսնում: Մայդանը պետք է մնա, քանի որ իր նպատակին չի հասել», — նշել էին ելույթ ունեցողները:

Back to top button