Հասարակություն

Նոտարների նկատմամբ հասարակական վստահությունն աճել է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այսօր ներկայացրեց հանրապետության նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մշտադիտարկման արդյունքները: Նոտարական ծառայության աշխատանքներին  ասոցիացիան սկսել է հետևել դեռևս 2009 թվականից: Մշտադիտարկման են ենթարկվել ինչպես երևանյան, այնպես էլ մարզային գրասենյակները: Ըստ կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանի՝ ծրագրի նպատակն էր վեր հանել այն բացերն ու առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք կհանդիպեն հանրային ծառայությունների մատուցման ոլորտում:

Նոտարական գրասենյակների մշտադիտարկման անցած 3 փուլերը թույլ են տալիս առաջարկություններ ներկայացնել նոտարական համակարգի բարեփոխումների համար և հետևել դրանց հետագա ընթացքին, հավելեց ասոցիացիայի ղեկավարը:

Իր հերթին ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն իր գոհունակությունը հայտնեց երիտասարդ իրավաբանների հետ փոխգործակցության արդյունքներից՝ հավելելով, որ նոտարական պալատը բաց է օբյեկտիվ, ճիշտ վերահսկողության, մշտադիտարկման համար։ Նոտարների և երիտասարդ իրավաբանների համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: Համենայն դեպս՝ կողմերը այսօր կնքեցին համագործակցության հուշագիր։

Ծրագրի ողջամիտ և օբյեկտիվ իրականացումը ողջունեց նաև արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա՝ այն թույլ կտա բացահայտել նոտարական համակարգի զարգացումը: Վերջին տարիների ոլորտում իրագործված աշխատանքների շնորհիվ զգալի ավելացել է հանրության կողմից վստահության մակարդակը: Ըստ իրականացված սոցհարցումների՝ եթե 2009 թվականին նոտարների ծառայություններից գոհ էր ազգաբնակչության 32 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը ավելացել է մինչև 72 տոկոս։

Back to top button