Հասարակություն

Միկոյանի արձանի տեղադրումը՝ 37 թվի «գենետիկ վախի» պատճառ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամիսներ շարունակ չեն հանդարտվում վեճերը Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ: Այսօր մի խումբ արվեստագետներ կրկին անդրադարձել են այդ հարցին` չհասկանալով նախ Միկոյանի հարազատների համառությունը: Կարծիքները բազմազան էին. սկսած միջազգային սկանդալ հրահրելու վտանգից մինչեւ մահարձաններ տեղադրելով Երեւանը «Թոխմախի» գերեզմանատան մասնաճյուղի վերածելու վտանգը: Ամեն դեպքում արվեստագետները պանդում են. 37 թվի «գենետիկ վախը» մնացել է այն մարդկանց մեջ, ովքեր բողոքի ձայն չեն բարձրացնում այս երեւույթի կապակցությամբ:

Երեւանի կենտրոնում` Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում խորհրդային տարիների պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցում Միկոյանի հարազատների համառությունը չի հասկանում պատմաբան Արայիկ Հարությունյանը: Եթե շատ մարդիկ չգիտեին Անաստաս Միկոյանին իր բացասական երանգներով, ապա այսօր բարձրացված աղմուկի արդյունքում ի հայտ են եկել պատմական փաստեր, արդյունքում` բազմաթիվ քաղաքացիներ սպառնում են, որ արձանի տեղադրման դեպքում էլ վնասելու են այդ արձանը:

«Եթե ինչ որ մեկը այսօր ասեր, որ հայերի` Թուրքիայի նկատմամբ արդար ձգտումները պետք է ճնշել, պետք է Ղարաբաղը եւ Զանգեզուրը թողնել ենթադրենք Ադրբեջանի կազմում, եթե նման մարդ լիներ հիմա, նրան եսիմ ինչ կանեին: Բայց պատմական փաստեր կան, որ Միկոյանը նման կոչերով է հանդես եկել: Հիմա ունենալով Ղարաբաղի խնդիր, հաջորդ տարի նշելու ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ դրանից առաջ տեղադրում ենք նման մարդու արձանը»:

Միկոյանի արձանի տեղադրման հարցում պատմաբանը եւս մեկ վտանգավոր միտում է տեսնում, ինչը կարող է հրահրել միջազգային սկանդալ:
«Ամբողջ աշխարհը ճանաչել է Կատինի ցեղասպանությունը ընդդեմ լեհ զինվորականների եւ մտավորականների: Փաստը նաեւ ճանաչել է Ռուսաստանը: Եվ այդ փաստաթղթի տակ կա նաեւ Միկոյանի ստորագրությունը»:

Ինչ սկզբունքով են քաղաքային իշխանությունները ընդունում որոշ դիմումներ եւ տեղադրում արձաններ, տարակուսում է նկարչուհի Զարուհի Մուրադյանը, ով Երեւանի քաղաքապետարան ուղարկել է անպատասխան մնացած դիմում: Հաշվի առնելով, որ Երեւանում կան շատ պազրապես համարակալված, անանուն փողոցներ, նկարչուհին առաջարկել է դրանք անվանակոչել հանրահայտ արվեստագետների եւ գործիչքների անուններով: Նկարչուհին նույնիսկ նշել է Բաշբեուկ Մելիքյանի, Բեքարյանի, Գարզուի, Գյուրջյանի, Ժանսեմի, Մարկոս Գրիգորյանի, Մերկուլովի, Սեդրակ Առաքելյանի, Սարգիս Մուրադյանի անունները: Այս անունների կողքին Անաստաս Միկոյանի անվան շրջանառությունը նկարչուհին անպատկառություն է համարում:

Քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյանը նույնպես ցանկանում է հասկանալ, թե ինչու են Երեւանի կենտրոնում տեղադրում անրձան մի մարդու, որի ակտիվ մասնակցությամբ եւ դերակատարմամբ, այդ տարիներին 60 միլիոն մարդ է զոհվել: Քանդակագործը, բայց փորձում է հասկանալ նաեւ ընդհանրապես արձանների տեղադրման սկզբունքը: Պնդում է. հետանկախության շրջանում հիմնականում տեղադրվել են մահարձաններ:

Քանդակագործը պնդում է. այսուհետ ընդհանրապես պետք է արգելվի որեւէ անձին արձան տեղադրելը, ինչպես դա արվել է մի շարք զարգացած պետություններում: Քանդակները պետք է ունենան մշակութային եւ էսթետիկական նշանակություն եւ քանդակը պետք է նվիրվի երեւույթին, ոչ թե` անձին, պնդում են արվեստագետները:

Back to top button